Sabah. Որոնք ե՞ն թուրքերի համար ամենավտանգավոր գաղափարները
Թուրքական «Սաբահ» (Sabah) թերթի էլեկտրոնային կայքէջում հետաքրքրաշարժ մի հրապարակում կա: Թերթն իր ընթերցողներին հարցում է արել «Ըստ ձեզ` որո՞նք են ամենավտանգավոր գաղափարները»:
Նշենք, որ հարցը վերաբերում է Թուրքիայի քաղաքական, տնտեսական, հասարակական ու բարոյական միջավայրին: Նման նախաձեռնության նպատակը թուրք համաքաղաքացիներից այնպիսի առաջարկներ ստանալն է, որոնք թեև վտանգ են պարունակում, չափազանց ռիսկային են, բայց զորու են փոխել ներկայիս Թուրքիան:
Հարցմանը հաջորդել է բավականին ակտիվ արձագանք, ընդ որում ոչ միայն Թուրքիայից` այլև արտերկրում բնակվող թուրքերից:
Ստորև ներկայացնում ենք թուրքերի համար առայժմ չափազանց վտանգավոր համարվող առաջարկներից մի քանիսը:
• Ազգությամբ քուրդ Թուրքիայի քաղաքացիներին Եվրամիության չափորոշիչներով ազգային փոքրամասնության կարգավիճակ շնորհել: Բայց մինչ այդ կազմակերպել հանրաքվե` բացառապես քրդերի մասնակցությամբ:
• Դպրոցներում Թուրքիայի պատմության փոխարեն դասավանդել հայերի և հույների պատմություն: Այնտեղ թուրքերի մասին ավելի շատ է խոսվում:
• Թող անցում կատարվի 200 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալուն: Պաշտպանական ոլորտի ծախսերն էլ նպատակաուղղվեն կրթության և առողջապահության ոլորտներ: Քրդերենը թող կրթության լեզու լինի: Քրդերն էլ որպես երկրորդ լեզու թող սովորեն թուրքերեն:
• Թող հանրապետության նախագահ լինի իր քրդական ծագումը չհերքող գոնե մի քուրդ:
• Սահմանադրության մեջ չպետք է լինի «փոփոխություններ չթույլատրող հոդված» Դա սուրբ գիրք չէ:
• Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում թող կին նշանակվի:
• Չեղյալ հայտարարել Աթաթուրքի (Մուստաֆա Քեմալ) պաշտպանության մասին օրենքը:
Որպես հետգրություն` նախաձեռնության հեղինակ Էմրե Աքյոզը գրում է. «Վերոթվարկյալ մտքերի մեծ մասը, քննարկումների համաձայն, իսկապես կարող է վերափոխել Թուրքիան: Այնպես չէ՞»: