Հայաստանը կարողացավ հաղթահարել տնտեսական ճգնաժամի դժվարությունները և մտավ վերականգնման փուլ. Ֆինանսների նախարար
Հայաստանի տնտեսությունը վերականգնման փուլ է մտել: Այդ մասին այսօր այս պահին Ծաղկաձորում ընթացող «Կամուրջ» տնտեսական միջազգային 7-րդ համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Նրա խոսքերով, չնայած ճգնաժամին, 2009-ին Հայաստանում տնտեսական վիճակը մնաց կայուն, կանխատեսելի ու կառավարելի: Դավթյանը նաև նկատեց, որ այսօր կարելի է վստահ ասել, որ Հայաստանը կարողացավ հաղթահարել տնտեսական ճգնաժամի դժվարությունները:
Նախարար Դավթյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության կանխատեսումները իրականացան, և հունվարի տվյալներով հայրենի տնտեսության մեջ արդեն իսկ աճ է գրանցվել, ճիշտ է` ոչ նկատելի:
«Դա թույլ է տալիս մեզ ասել, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնման փուլ է մտել»,- ասաց Դավթյանը:
Նկատենք, որ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գրանցվել է տնտեսության աճ` 2,4 տոկոսով: