
Թուրքերը ծրագրել են այս տարի վերականգնել Վանի հայկական եկեղեցիները
Վանի կուսակալության կողմից պատրաստված ծրագրի շրջանակներում, նախատեսված է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզու և Յուքարբաքրաչլը գյուղի հայկական եկեղեցիները:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haber Turk» լրատվական կայքը: Վանի կուսակալի օգնական Հալիլ Բերքը հիշեցրել է, որ նախորդ տարի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու թանգարանի վերածվելուց հետո Հոշափ և Վան ամրոցների հետ միասին վերականգնվել է Հյուսռևփաշա և Քայաչաբելի մզկիթները:
«Վանա լիճ ասելով` առաջին հերթին հասկանում ենք Աղթամար կղզին: Բայց Վանա լճում, Աղթամարը ներառյալ, չորս կղզի կա, որոնցից ամեն մեկը եկեղեցի ունի: Դրանցից միայն Աղթամարի եկեղեցին է վերականգնվել: Ըստ մեր պատրաստած ծրագրի`այս տարի Չարփանաք կղզու և Յուքարբաքրչալի գյուղի եկեղեցիներում վերականգնողական աշխատանքներ են կատարվելու», - ասել է թուրք պաշտոնյան` հավելելով, որ մեկնարկը կլինի ապրիլ ամսին: