Շարժական ինտերնետային համակարգչային կայանը շրջում է տարբեր մարզերով
«Այն դպրոցները, որոնք չունեն ինտերնետային կապ և բավարար չափով հագեցած չեն տեխնիկական միջոցներով, չկան պատրաստված մասնագետներ, նրանց օգնություն է ցույց տրվում Շարժական ինտերնետային համակարգչային կայանի միջոցով»,- այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը:
Նա մանրամասնեց, որ Շարժական ինտերնետային համակարգչային կայանը ավտոմեքենայի վրա տեղադրված դասարան է` նախատեսված 6 աշակերտի և 1 ուսուցչի համար: «Կայանը շրջում է բոլոր այն դպրոցներում, որտեղ ինտերնետ կապի և տեղեկատվական համակարգի սարքավորումներ դեռևս չկան: Օրվա առաջին կեսը կայանում աշխատում են աշակերտների, իսկ երկրորդ կեսը` ուսուցիչների հետ»,- տեղեկացրեց նա:
Արեգ Գրիգորյանի խոսքերով, նախորդ տարում շարժական ինտերնետային կայանը շրջել է 20 համայնքներում, իսկ այս տարի արդեն հասցրել է լինել երկու համայնքում, իսկ երրորդը կայանատեղին Տիգրանաշեն գյուղի դպրոցն է: «Երկրորդ անգամ են Տիգրանաշեն կայանն ուղակել, քանի որ այստեղ հանրակրթական հաստատությունը գտնվում է բավականին «խեղճ» վիճակում և տեղեկատվական համակարգերից զուրկ է: Նշենք, որ ասուլիսի ընթացքում ինտերակտիվ կապ հաստատվեց շարժակայանի հետ, եղավ հարց ու պատասխան գյուղի աշակերտների և ուսուցչի հետ:
Արեգ Գրիգորյանը խոսեց նաև դպրոցների` համակարգչային սարքավորումներով համալրման ծրագրի մասին: «ՀԲ վարկային ծրագրի միջոցներով հանրակրթական դպրոցներում համակարգիչների քանակն ավելանում է, 1000 աշակերտի համար այսօր 36 համակարգիչ է բաժին ընկնում: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Արդյունքում ավելանում է նաև համակարգչային դասարանների թիվը»,- հավելեց Ա. Գրիգորյանը: