Նախորդ տարում դպրոցներին տրամադրվել է «Մայքրոսոֆթ» ընկերության 8300 արտոնագրված «Windows» ծրագիր
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը, այսօրվա ասուլիսում խոսելով կրթական մի շարք ծրագրերի մասին, կարևորեց «Կրթական համալիր էջ» պորտալը (www.armedu.am): Նա նշեց, որ այն նաև մասնագետների համար քննարկումների, բանավեճերի հարթակ է, որտեղ հաճախ են կազմակերպվում ֆորումներ` դասագրքերի, քննությունների մասին:
Նրա խոսքերով, «Կրթական համալիր էջ» պորտալը գործում է 2007 թվականի դեկտեմբերից, այն կրթական տեղեկատվական միջավայր է, որտեղ պարբերաբար թարմացվում և հարստացվում են տեղեկատվական նյութերն ու կրթական պաշարները, կազմակերպվում են առցանց կրթական միջոցառումներ (մրցույթներ, օլիմպիադաներ, խորհրդաժողովներ, քննարկումներ, հարցումներ և քվեարկություններ)։
Նա նաև կարևորեց Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (ԿԿՏՀ) ծրագիրը, որը ներառում է հանրակրթության ոլորտին առնչվող վիճակագրական տվյալների շտեմարան, որում կան տվյալներ հանրապետության բոլոր դպրոցներից:
Նրա խոսքերով, ստեղծվել են նաև ուսումնական էլեկտրոնային ձեռնարկներ, օրինակ ԵՊՀ-ում Բաց հասարակության ինստիտուտի պատվերով կազմվել են 14 ձեռնարկներ, որոնք բաժանվել են դպրոցներին: Դրանց հիման վրա դպրոցներում ստեղծվում են նաև էլեկտրոնային գրադարաններ: Անցած տարում հրատարակվել է «Համացանցի օգտագործման ուղեցույց», որը ևս կբաժանվի բոլոր դպրոցներին: Այն ունի նաև էլեկտրոնային տարբերակ, որում ներառված են 25 տեսահոլովակներ` ինտերնետից օգտվելու և տեղեկատվություն ստանալու միջոցների բացատրման աշխատանքների մասին:
Արեգ Գրիգորյանը հավելեց, որ նախորդ տարում դպրոցներին տրամարվել է «Մայքրոսոֆթ» ընկերության 8300 արտոնագրված «Windows» ծրագիր, իսկ 2010-ի համար արտոնագրերն արդեն ձեռք են բերվել: