Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` «կոշիկով հարձակման զոհ»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այցով գտնվում էր Իսպանիայում, դարձել է «կոշիկով հարձակման զոհ»: Այս մասին հայտնել է իսպանական «El Mundo» թերթը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի` փետրվարի 22-ի ուշ երեկոյան. Թուրքիայի վարչապետը` իր կնոջ և մի քանի նախարարների ընկերակցությամբ մասնակցում էր Սևիլիայի քաղաքապետարանի շենքում կազմակերպված պարգևատրման արարողության. «Սևիլիա NODO» հիմնադրամը «քաղաքակրթությունների երկխոսության նախագիծը կյանքի կոչելու գործում ստանձնած կարևոր դերակատարության համար» պարգևի էր արժանացրել Թուրքիայի վարչապետին:
Արարողության ավարտին, երբ Էրդողանը լքել է քաղաքապետարանի շենքը և ցանկացել է նստել իր ծառայողական ավտոմեքենան, նրա վրա հանկարծակի գրոհ է տեղի ունեցել. դեռևս ինքնությունը դեռևս չպարզված մի անձ, բղավելով «կեցցե Քուրդիստանը», կոշիկ է նետել Էրդողանի վրա: Նետված կոշիկը դիպչել է ավտոմեքենային: Անվտանգության ուժերը իսկույն ձերբակալել են այդ հանդուգն քաղաքացուն: Պարզվել է, որ վերջինս գտնվել ալկոհոլի ազդեցության տակ:
Թերթի տվյալներով, հարձակվողը ազգությամբ քուրդ է, Սիրիայի քաղաքացի և Իսպանիայում գտնվում է անօրինական և սպասում արտաքսման:
Նշենք, որ կոշիկ նետելը մուսուլմանական շատ երկրներում համարվում է հավանական զոհի հանդեպ ունեցած հակակրանքի դրսևորում: Հիշեցնենք` այս արարքը մեծ ճանաչում ստացավ 2008-ին, երբ իրաքցի լրագրողն իր կոշիկները նետեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա: