Այս տարի ևս 300 դպրոց կմիանա Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին
«Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին այս տարի` պետական բյուջեի հատկացումների հիման վրա, կմիանա ևս 300 հանրակրթական հաստատություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից այժմ ինտերնետային ցանցին միացած է 644 դպրոց: «Սա բավականին մեծ ծավալով ծրագիր է, որը շուրջօրյա ինտերնետային կապ է ապահովում դպրոցներին»,- հավելեց նա:
Նրա խոսքով, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ևս 400 դպրոց կմիանա ցանցին, արդյունքում ավարտված կլինի նաև դպրոցների տեղեկատվական միջավայրի ստեղծման ծրագիրը:
Նրա տեղեկացմամբ, դպրոցական ինտերնետային ցանցին միացած դպրոցները գրեթե հավասարաչափ են տեղաբաշխված ՀՀ մարզերում:
Արեգ Գրիգորյանը հայտնեց, որ կենտրոնը կազմակերպում է նաև վերապատրաստումներ դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների համար: «Նախորդ տարի ցանցին միացած 320 դպրոցների ինֆորմատիկայի գծով մանկավարժները, ինչպես նաև տեխնիկական սպասարկողներ արդեն անցել են վերապատրաստման դասընթաց»,- հավելեց նա: