«Ազգային ինքնության պահպանման և հոգևոր զարգացման երաշխիքը կրթությունը, գիտությունը և մշակույթն է»
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ պետական բուհերի ռեկտորները:
ՀՀ հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը նշեց, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվելու կրթության և գիտության ոլորտի մի շարք խնդիրների:
Նրա խոսքերով, այսօր նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա են մի շարք խնդիրներ, սակայն այդ խնդիրների մեջ հրատապ է դպրոցներում դասագրքերի խնդիրը, ինչպես նաև` ավագ դպրոցների լիարժեք ձևավորման խնդիրը, դպրոցներում ծրագրային փոփոխությունների հետ կապված խնդիրները և այլն:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ այսօր կրթական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների հաջողության մի զգալի հատված պայմանավորած է նաև բարեփոխումների լայն հասարակական քննարկումներով և թափանցիկությամբ: «Եթե բանակը ազգային անվտանգության արտաքին շրջանակն է, ապա ազգային անվտանգության ներքին շրջանակը կրթությունը, գիտությունը և մշակույթն է` որպես ազգային ինքնության պահպանման և հոգևոր զարգացման երաշխիք»,- հավելեց նա: