Ձերբակալված թուրք զինվորականների հարցաքննությունը սկսվել է
«Balyoz» (Մեծ մուրճ) անվամբ ռազմապետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված բարձրաստիճան թուրք զինվորականների հարցաքննությունը տեղի է ունեցել նախօրեին: Հիշեցնենք, որ նշված ծրագրի պատրաստմանը մասնակցելու մեղադրանքով Թուրքիայի 9 նահանգներից ձերբակալվել է 49 զինվորական: Նրանցից 17-ը պաշտոնաթող գեներալներ են, 4-ը` ծառայության մեջ գտնվող ծովակալները, մնացածը` տարբեր զինվորական կոչումներ ունեցող թուրքական բանակի սպաներ:
Թուրքական «Վաթան» (Vatan) թերթի տեղեկացմամբ` հարցաքնվածներից 13-ի գործերն ուղարկվել են դատարան, վեց զինվորական ազատ է արձակվել, իսկ Թուրքիայի ռազմածովային ուժերի ծովակալ Ջեմ Գյուրդենիզի և գեներալ մայոր Ազիզ Չաքմաքի և 5 պաշտոնաթող զինվորականների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Տեղեկացվում է, որ հարցաքննության ժամանակ ձերբակալված զինվորականները հիմնականում չեն պատասխանել հարցերին և օգտվել են լռելու իրենց իրավունքից:
Աղբյուրի հաղորդմամբ` հարցաքննության ընթացքում հնչել են այսպիսի հարցեր.
- Ի՞նչ նպատակով էիք պատրաստել «Balyoz» ծրագիրը:
- Այդ ծրագիրը կազմելու հրահանգն ումի՞ց եք ստացել:
- Ո՞մ հետ եք պատրաստել այդ ծրագիրը:
- Հասցրե՞լ եք որոշ բաներ իրականացնել այդ ծրագրից:
- Ե՞րբ էիք նախատեսել կյանքի կոչել այդ ծրագիրը:
Հիշեցնենք, որ «Balyoz» ծրագրով նախատեսվել էր Թուրքիայում պայթեցնել մզկիթ, ռմբահարել մի քանի թուրքական մարտական ինքնաթիռ, իրականացնել աղմկահարույց սպանություններ, ստեղծվելիք քաոսային իրավիճակը ծառայեցնել հեղաշրջմանը` նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը: