Հայագիտությունն ու հայապահպանությունը չունեն քաղաքական պատկանելություն
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայ Դատի» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` «Արժևորենք անցած ուղին, ճանաչենք մեզ» ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: ԿԳՆ հասարակայնության և տեղեկատվության բաժնի տեղեկացմամբ` հուշագիրը ստորագրել են նախարար Արմեն Աշոտյանը և «Հայ Դատի» հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը:
Ծրագիրը նպատակ ունի աշակերտության շրջանում խթանել հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, բարձրացնել հայագիտական առարկաների դասավանդման մակարդակը և հանրակրթական դպրոցներում ձևավորել ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնամեթոդական բազա:
Ա. Աշոտյանը, կարևորելով հուշագրի ստորագրումը, նշել է, որ այս համագործակցության սկիզբը պայմանավորված է մի քանի շարժառիթներով: Նախևառաջ, մասնավոր և քաղաքացիական մարմինների և կազմակերպությունների ներգրավումը կրթական բարեփոխումների մեջ` դրանք դիտարկելով ոչ միայն ֆինանսավորման հավելյալ աղբյուրներ, որովհետև զարգացման ծրագրերի համար առանձին աղբյուր են դիտարկվում նաև ոչ պետական ֆինանսական միջոցները, այդ թվում նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող գումարները, այլ նաև կարևորելով հասարակական լայն շրջանակի ստեղծումը, որում ավելի հեշտ կիրականացվեն նախատեսված կրթական բարեփոխումները:
«Մեր համատեղ աշխատանքի մյուս քայլը հայագիտությունն ու հայապահպանությունն են, որոնք չունեն քաղաքական պատկանելություն: Շատ կարևոր է այն ընկալումը, որ քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ, ուժեր և կառույցներ ՀՀ-ի ներսում պետք է ունենան մի առանցքային արժեհամակարգ, որից կբխի ազգային ինքնության պահպանման և ազգային անվտանգության ռազմավարությունը. դա մշակույթն է և կրթությունը: Այս տեսակետից դպրոցներում հայագիտական լսարանների ստեղծումը մենք համարում ենք կարևոր քայլ` աշակերտների հայրենասիրական դաստիարակության և հայագիտությունը բովանդակային նոր հարթություն բարձրացնելու ուղղությամբ»,-նշել է նախարարը` հավելելով, որ հայագիտական լսարաններում նախատեսվում է ունենալ մեկ անկյուն` նվիրված ԼՂՀ-ին` որպես ընդհանուր պատմության և մշակույթի մի մաս, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն նվիրված անկյուն:
Նշենք, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում համապատասխան փորձ կներդրվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավագ դպրոցների ցանցում:
«Արժևորենք անցած ուղին, ճանաչենք մեզ» ծրագրի արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է և նախատեսվում է իրականացնել 2010-2013 թվականներին: