«Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմը Հանրայինով կցուցադրվի փետվարի 28-ին
«Սովորական Ցեղասպանություն. Սումգայիթ. 1988՝ փետրվար» փաստավավերագրական ֆիլմը փետրվարի 28-ին՝ Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի օրը, կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ: Հեռուստադիտողին կներկայացվի ֆիլմի կարճ տարբերակը, ֆիլմի ամբողջական տարբերակի ցուցադրումը կկայանա մարտի վերջին: Հիշեցնենք, որ «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարի երկու ֆիլմերը վաղը կցուցադրվեն Հայ-ռուսական համալսարանում:
«Սովորական Ցեղասպանություն» ծրագրի հեղինակ Մարինա Գրիգորյանի խոսքով, այս շարքի առաջին ֆիլմը, որը նվիրված էր 1990 թվականի Բաքվի ջարդերին, արդեն տրամադրվել է դիվանագիտական ներկայացուցչությունների, համալսարանների, գիտական հաստատությունների, շատ երկրների վերլուծական կենտրոնների, ինչպես նաև տարածվել է խտասկավառակների միջոցով: Տարբեր կայքերում տեղակայված են ֆիլմի հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն տարբերակները: Սումգայիթյան ողբերգության տարելիցին Բաքվի ջարդերի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան հեռուստաընկերություններով:
«Սումգայիթի դեմքն այնքան սարսափելի է, որ նույնիսկ այսօր՝ 22 տարի անց, մենք չենք համարձակվում բարձրաձայնել այն մանրամասների վերաբերյալ, թե ինչեր էին անում Սումգայիթի փողոցներում մարդկային կերպարանքը կորցրած տմարդիները: Մենք ստեղծել ենք ֆիլմ-մեղադրանք: Մեղադրանք՝ մարդկության հանդեպ գործած հանցագործության մեջ, որն իրականացվեց Խորհրդային Ադրբեջանում 1988թ փետրվարի 27-29-ը, և որը մինչ օրս չի ստացել իրավական ու քաղաքական գնահատական:
Միաժամանակ ես մտածում եմ, որ շատ կարևոր է ցույց տալ «Սումգայիթի» նաև մյուս կողմը՝ պարտադրված ինքնապաշտպանության դիմած հայերին, որոնք մի քանի ժամվա ընթացքում առանց զենքի պաշտպանել են իրենց ընտանիքները գազազած ամբոխից ու զոհվել են ինչպես հերոսներ»,-ասում է Մ. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան