3 հատուկ դպրոցներում հեգեբանական ծառայություններ կանցկացվեն
Երևանի թիվ 2, թիվ 12, և Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցներում «Հայաստանում հոգեկան ատողջության խնդիրներ ունեցող երեխաների և պատանիների իրավունքների խթանում» ծրագրի շրջանակներում այսուհետ հոգեբանական ծառայություններ են իրականացվելու: Այս մասին այսօր Panorama.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավար Նունե Բալյանը:
Նշված դպրոցներում, նրա հավաստմամբ, մինչ այդ ծրագրի իրականացումը հեգեբանական ծառայություններ չեն իրականացվել, հեգեբանի սենյակ չի եղել:
«Իսկ այդ դպրոցներում աշխատող հոգեբանները հիմնականում չունեն այն գործիքները, որոնք պետք են որակյալ ծառայություն մատուցելու համար, չնայած ոչ միայն այդ դպրոցներում, այլև ամբողջ հանրապետությունում հոգեբանական ծառայություններ մատուցելու մեթոդաբանություն, գործիքներ մշակելու կարիք կա»,-ասաց Ն. Բալյանը:
Ըստ նրա, երկրում առկա խնդիրներից մեկն էլ այն է, որ չկա «Հոգեկան առողջության մասին» օրենք, որը կկարգավորի հենց հոգեկան առողջության խնդիրների կարգավորումը այն մակարդակում, երբ հոգեբուժական խնդրին հերթը չի հասել: Դրա փոխարեն, հանրապետությունում կա միայն «Հոգեբուժական աջակցության մասին» օրենք, որտեղ միայն մի քանի կետով նշվում է հոգեկան ատողջության խնդիրների կանխարգելումը:
Այս իրավիճակում, ինչպես Ն. Բալյանն է նշում, որոշում է կայացվել օրենդրական բարեփոխումների առաջարկով Ազգային ժողով դիմել:
«Ստեղծել ենք փորձագետների խումբ` տարբեր կառույցներից: Խմբում են հոգեբաններ, հոգեբույժներ, իրավաբաններ, հասարակական-պետական կառույցներից փորձագետներ` զուտ օրենդրական առաջարկների քննարկումն ապահովելու համար»,-ասաց ծրագրի ղեկավարը:
Նշենք, որ կազմակերպությունը ծրագրի շրջանակներում համագործակցում է ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի հետ: Բացի այդ, խնդրի վերաբերյալ անցկացվում են տեղեկատվական, իրազեկման ակցիաներ: