Բաթումիի հայկական եկեղեցու բակում ՀՀ նախագահը շփվել է Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի երկրորդ օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումիի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում մասնակցել է մատուցված կիրակնօրյա պատարագին, մոմ վառել, այնուհետև ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքար-հուշակոթողին: Նախագահ Սարգսյանը եկեցեղու բակում շփվել է նաև պատարագին մասնակցած Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Այցի ավարտին երկու պետությունների ղեկավարները ամփոփել են այցի արդյունքները: Միխեիլ Սահակաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ Բաթումիում կայացած ոչ ֆորմալ հանդիպման կապակցությամբ և նշել.
«Մենք պայմանավորվել ենք ինտեգրել մեր տնտեսությունները, ավելի հաճախ շփվել, ավելի մեծ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների էլ ավելի մերձեցման ուղղությամբ, չնայած այդ հարաբերություններն ինքնին շատ սերտ են: Ապագայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ բնույթ կունենան` հանուն այն ամենի, ինչ մենք անում ենք մեր ժողովուրդների համար: Մենք փոքր երկրներ ենք և անհրաժեշտ ենք մեկս մյուսին: Մենք կախված ենք միմյանցից և այդ փոխկախվածությունը պետք է ծառայեցնենք լավ գործեր կատարելուն»:
Հայաստանի Հանրապետության Նախագահն իր հերթին, գոհունակություն հայտնելով իր վրացի գործընկերոջ հետ ունեցած քննարկումներից, նշել է. «Մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք, շատ լրջորեն մտածենք ինտեգրացիոն գործընթացների մասին: Ես համոզված եմ, որ այս տարին մեր հարաբերությունների համար կդառնա բեկումնային, չնայած այդ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել ու հիմա էլ դրանք շատ լավ են: Բայց մենք սովոր ենք ոչ թե տեղում կանգնած չմնալ, այլ` առաջ գնալ»:
Կիրակի կեսօրին ավարտվել է Հայաստանի Հանրապետության ղեկավարի երկօրյա մասնավոր այցը հարևան Վրաստան և Նախագահ Սերժ Սարգսյան վերադարձել է Երևան:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում