Օլիմպիական դրոշը հանձնվեց Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովին
Կանադական Վանկուվերում ավարտվեցին ձմեռային Օլիմպիական խաղերը: Անշուշտ, մենք դեռ կամփոփենք Խաղերի արդյունքները, կանդրադառնանք նաև մեր մարզիկների ելույթներին, որոնք ձախողում դժվար կլինի անվանել: Բանն այն է, որ ինքներս ավելին չէինք էլ սպասում, քանզի գիտեինք, թե ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչներն ինչպիսի պայմաններում են մարզվում: Ավելի շուտ, հավանաբար, մենք շեշտը դնելու ենք այն քննարկումների վրա, թե ինչպիսի ծրագիր պետք է կազմել և իրականացնել` արդյունքները բարելավելու համար: Առավելագույն խնդիրը, որը ներկա պահին տրամաբանական է թվում, հենց դա է:
Պետք է ասել, որ ռուսներն Օլիմպիական այս խաղերում չարդարացրեցին սպասելիքները: Այդ երկրի հիմնը չհնչեց այնքան անգամ, որքան ակնկալում էին երկրպագուները: Սակայն վերջինը, այնուամենայնիվ, հնչեց հենց Ռուսաստանի հիմնը, երբ Օլիմպիական դրոշը հանձնվեց Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովին: Հնչեց չորրորդ անգամ: Իսկ այնուհետև տեղի ունեցածը պարզապես ցնցեց ինչպես մարզադաշտում, այնպես էլ հեռուստաէկրանների առջև հայտնված մարզասերներին: Վանկուվերում արագորեն կառուցված բեմից մաեստրո Վալերի Գերգիևը ղեկավարում էր այն նվագախումբը, որը գտնվում էր Մ ոսկվայի Կարմիր հրապարակում: Եվ ողջ աշխարհում հնչեց Գեորգի Սվիրիդովի` բոլորին լավ ծանոթ
«Առաջ գնալու ժամանակը» երաժշտությունը:
Օլիմպիադայի հաջորդ մայրաքաղաքի ներկայացումը իսկապես հրաշալի ստացվեց: Սյուժեում ոչ միայն բալետն էր ընդգրկված, այլ Ռուսաստանի տիեզերական հաջողությունները: Հյուրերին Սոչի հրավիրեցին ռուսաստանյան մարզաշխարհի երեք սերնդի ներկայացուցիչները` Վլադիսլավ Տրետյակը, Եվգենի Պլյուշչենկոն և Ալեքսանդր Օվեչկինը:
Ռուսական կողմը չի կասկածում, որ 2014 թ. Օլիմպիադան լավագույնը կլինի Խաղերի ողջ պատմության մեջ: Սակայն աշխարհին ցնցել է պետք ոչ միայն շոու ծրագրերով, այլև մարզական հաջողություններով: Սա ամենադժվարն է:
Մնում է հուսալ, որ առաջիկա տարիներին մեր մարզիկները հաճախակի մարզումներ կանցկացնեն Սոչիում, կկատարելագործեն իրենց վարպետությունը և Հայաստանը պատվով կներկայացնեն Օլիմպիական խաղերում: