Microsoft-ի սերտիֆիկատ կստանան նաև բուհերում
Մայիսին կլրանա 4 տարին, ինչ Microsoft Հայաստան ընկերությունը մեր երկրում ներդրել է Microsoft սերտիֆիկացման համակարգը: Մինչ այդ սերտիֆիկացված ՏՏ գործընկերներ` որպես այդպիսիք, չկային: Այս մասին Աղվերանում գումարված հերթական ֆորումի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը ասաց Microsoft Հայաստան ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Այսպիսով Microsoft-ի կողմից արդեն 11 սերտիֆիկացված տեղական ՏՏ ընկերություն կա: Microsoft-ի սերտիֆիկացման գործընթացի համար ընկերությունից պահանջվում է, որ առնվազն 2 մասնագետ անցնի սերտիֆիկացիոն հատուկ թրեյնինգներ, դրա միջոցով հանձնի քննություններ: Այս ընկերությունների շարքում ավելի ակտիվ են բանկային և հեռահաղորդակցային համակարգերը:
Ինչպես նկատեց Գրիգոր Բարսեղյանը, նույն գործընթացները ներդրվել են նաև բուհական համակարգում.«Մի շարք համալսարանների հետ կնքվել են պայմանագրեր, այսպես կոչված` Microsoft- ՏՏ համալսարան շրջանակներում:
Այսպիսով, հնարավորություն է ստեղծվել նույն սերտիֆիկացիոն դասընթացները և քննությունները կազմակերպել համալսարանում»,-ասաց Գ. Բարսեղյանը: Դրա շնորհիվ ուսանողները բավական մատչելի կամ ընդհանրապես անվճար հնարավորություն են ստանում դիպլոմի հետ միասին` բուհում ստանալ նաև ՏՏ սերտիֆիկատ, որն ընդունվում է ողջ աշխարհում:
«Համալսարաններում մի խնդիր ունեցանք` դասախոսները պատրաստ չէին այս թրեյնինգներն անց կացնել»,-մատնանշեց Microsoft Հայսատան ընկերության գործադիր տնօրենը:
Նրա տեղեկացմամբ, այս նպատակով կազմակերպվել են սերտիֆիկացիոն թրեյնինգներ ցանկություն հայտնած դասախոսների հետ: «Ցավոք, Չեմ կարող ասել, որ շատ արագ և հաջող է այդ ծրագիրն առաջ գնում: Այստեղ մի փոքր առկա է բուհերի իներտությունը, բայց վստահ եմ, որ գործընթացը կշարունակվի»,-ասաց Գ. Բարսեղյանը:
Գ. Բարսեղյանը նշեց, որ իրենք համալսարաններին առաջարկում են նախևառաջ Microsoft-ի բազմաթիվ պրոդուկտներ, որոնք կան ուսումնական գործընթացներում` օպերացիոն համակարգ, օֆիսային փաթեթներ:
«Մենք առաջարկում ենք Microsoft-ի կողմից մշակված ողջ ուսումնական ծրագիրը` այսինքն նույն պրոդուկտները, որոնք արտադրողն է ստեղծել: Աջակցում ենք նրանով, որ օգնում ենք համալսարաններին ավելի պրոֆեսիոնալ մակարդակի բերել դասընթացը. այսինքն` այդ ամբողջը տրամադրում ենք անվճար: Ավարտելով այս դասընթացները` համալսարանը դառնում է թեստային կենտրոն, եթե հաջողությամբ հանձնում են այս թեստը, ապա ստանում են այդ սերտիֆիկատը»,-բացատրեց Գ. Բարսեղյանը: