Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան. Եթե Օբաման չմիջամտի, ապա այս տարի Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանության բանաձևը
Թուրքիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մորթոն Աբրամովիչը, մասնակցելով մի կոնֆրանսի, իր ելույթում նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա ամենահրատապ հարցը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցն է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթը:
«Եթե գործին չխառնվի նախագահ Օբաման, ապա այս տարի Ցեղասպանության բանաձևը Կոնգրեսում կարող է ընդունվել»,- հայտարարել է Աբրամովիչը` միևնույն ժամանակ շեշտելով, որ թուրքական մեջլիսի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի տապալումն էլ կարող է բացասական հետևանքների հանգեցնել:
Աբրամովիչը նաև նկատել է տվել, որ թուրք-իսրայելական հարաբերությունների ներկայիս վատ ընթացքը միայն հեշտացնում Ցեղասպանության բանաձևի ընդունումը:
Հիշեցնենք, որ Մորթոն Աբրամովիչը, որպես Թուրքիայում ԱՄՆ դեսպան, պաշտոնավարել է 1989-1991թթ.:
Նկատենք, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հրապարակավ Հայոց ցեղասպանության մասին բանաձևինդեմ հանդես չեն եկել : Սա ևս մեկ անգամ պարզ դարձավ նախորդ շաբաթ, երբ Կոնգրեսում քննարկումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի ՔԼինթոնը դեմ չարտահայտվեց բանաձևի ընդունմանը: Իսկ նախագահ Բարաք Օբաման, ով մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը բազմիցս հայտարարել էր Ցեղասպանությունը ճանաչելու մասին, իսկ ընտրվելուց հետո հայտարարել էր, որ իր տեսակետները չի փոխել, մինչ օրս որևէ հրապարակային հայտարարություն այս առնչությամբ չի արել:
Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է միայն, որ 2009 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ Բարաք Օբաման զգուշացրել է, որ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու դեպքում ինքը չի կարող կանխել Կոնգրեսի կողմից Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: