Էրդողանն ԱՄՆ Կոնգրեսի անդամներին սպառնում է հայ-թուրքական կարգավորման գործընթացի տապալումով
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մարտի 4-ին քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելու համար Անկարան արդեն անցել է ծրագրված գործողությունների իրականացմանը:
«Սաբահ» (Sabah) թերթի տեղեկացմամբ` ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամըք Թանը սկսել է հանդիպել հրեական ազդեցիկ լոբբիստական ուժերի հետ: Թուրքական կողմը Ցեղասպանության բանաձևի դեմ պայքարում աջակցություն է ակնկալում մասնավորապես «Ամերիկայի հրեական կոմիտեից» (AJC), «Ամերիկայի իսրայելական հասարակական կոմիտեից» (AIPAC) և «Զրպարտությունների և հերքումների դեմ պայքարի միությունից» (ADL):
Բանաձևի ընդունումը կանխելու համար Կոնգրեսի հետ բանակցությունների մեջ են մտնելու թուրքական մեջլիսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գլխավորող Մուրաթ Մերջանի, ապա նաև թուրք-ամերիկյան բարեկամության խմբակցության պատվիրակությունները: Բացի այդ էլ, ապրիլի 14-ին միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով ծրագրված է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի այցը Վաշինգտոն, որտեղ էլ, հանդիպելով Օբամայի հետ, նա կքննարկի հայ-թուրքական կարգավորման գործընթացը:
Բարեփոխումների ընթացքին հետևող Եվրամիության խմբի ժողովին մասնակցած Էրդողանը մարտի 4-ին քվեարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ ասել է հետևյալը.
«Մեր շփումները, իհարկե, շարունակվում են: Կարգավորման գործընթացի մեկնարկը եղել է Շվեյցարիայից: Այդ գործընթացի ավարտով չեն սահմանափակվելու մեր ունեցած բարի մտադրությունները: Բայց եթե մարտի 4-ին սխալ քայլ կատարվի, եթե ապրիլի 24-ին սխալ քայլ կատարվի, ապա այդ գործընթացը կտապալվի: Դա սխալ քայլ կլինի: Հետևաբար կարծում եմ, որ Կոնգրեսի անդամները հաշվի կառնեն այդ զգայուն հարցը»: