«Բարձրագույն կրթության ոլորտում որակի ապհովմանը միտված նախարարության քաղաքականությունը նախևառաջ բխում է ուսանողների շահերից»
ՀՀ բուհերում օտարերկրյա քաղաքացիների ուսումնառության հետ կապված խնդիրները վերջին շրջանում գտնվում են կրթության և գիտություն նախարարության ուշադրության կենտրոնում: Համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել, մասնավորապես, «Հայբուսակ» համալսարանում, որը երկու անգամ դիմել էր նախարարություն` անգլերեն լեզվով օտարերկրացիների կրթության իրականացման հետ կապված թույլտվություն ստանալու համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բուհի կողմից ներկայացված ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում անգլերեն լեզվով բժշկական կրթություն իրականացնելու նվազագույն պետական կրթական չափորոշչին, և նախարարի կողմից մերժվել էր այդ հնարավորությունը: Բուհում սովորող օտարերկրյա ուսանողներին թույլատրվել էր շարունակել ուսումը մինչև առաջին կիսամյակի ավարտը, որից հետո նրանց հնարավորություն է տրվել սահմանված կարգով տեղափոխվել օտար լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող բժշկական մեկ այլ բարձագույն ուսումնական հաստատության նույն կուրս՝ ուսման նույն վարձավճարով:
Վերոնշյալ որոշումը որոշակի մտահոգության տեղիք էր տվել «Հայբուսակ» համալսարանի արդեն նախկին ուսանողների շրջանում, որոնք նախարարի հետ հանդիպում էին խնդրել:
Արձագանքելով ուսանողների նախաձեռնությանը, ըստ ԿԳՆ պաշտոնական կայքի, այսօր նրանց ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աջալ-Կումար Մալիորան: Նախարարը հանդիպմանը ներկա Հնդկաստանի Հանրապետության, ինչպես նաև Լիբանանի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին մանրամասն բացատրել է ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ նախարարությունը շահագրգռված է օտարերկրյա քաղաքացիների ուսումնառությունը Հայաստանում կազմակերպելու տեսանկյունից, սակայն այն ինքնանպատակ չէ, և անհրաժեշտ է ապահովել չափորոշիչներին համապատասխան կրթության որակ: «Հայբուսակ համալսարանը պարտավոր էր ձեզ հեռացնել, և 11 ուսանող արդեն հեռացվել է, իսկ եթե դուք դեռևս հեռացված չեք, դա նախարարի հրամանի խախտում է»,- նշել է նախարարը և մատնանշել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երեք ուղի` առաջինը. տեղափոխվել ԵՊԲՀ, որն այսօր հանդիսանում է օտար լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող միակ բժշկական բարձագույն ուսումնական հաստատությունը հանրապետությունում` հավելելով, որ ուսանողների տեղափոխման ժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 12-ը: Բացի այդ, երիտասարդները կարող են ուսումնառությունը շարունակել այլ երկրի բուհում է և, վերջապես, կարող են սպասել այնքան ժամանակ, մինչև Հայբուսակ համալսարանը կշտկի առկա թերությունները և թույլտվություն կստանա իրականացնել համապատասխան կրթություն, որը լավագույն պարագայում հնարավոր է միայն նոր ուսումնական տարվանից:
Հանդիպման ընթացքում ուսանողների կողմից հնչել են հարցեր: Վերջիններս նախարարին խնդրել են հնարավորություն տալ տեղափոխվել նույն համալսարանի հայերեն կամ ռուսերեն լեզվով ուսուցման ֆակուլտետներ, որին ի պատասխան` նախարարը նշել է, որ ՀՀ օրենսսդրությամբ նման հնարավորություն ընձեռված չէ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՊՀ անդամ այլ երկրներից տեղափոխված ուսանողների խնդիրներին: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի Հայբուսակ համալսարանին արգելվել է իրականացնել օտարերկրացիների ընդունելություն կամ տեղափոխություն:
Հանդիպման ավարտին Ա. Աշոտյանը նշել է, որ օտարերկրյա ուսանողների շահերի պաշտպանության նպատակով նախարարությունը դեռևս ամիսներ առաջ է բարձրաձայնել խնդիրը տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում: «Բարձրագույն կրթության ոլորտում որակի ապհովմանը միտված նախարարության քաղաքականությունը նախևառաջ բխում է ուսանողների շահերից»,- նշել է Ա. Աշոտյանը: