Հայ օլիմպիականների մեծարման երեկո` Վանկուվերում
Վանկուվերի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու սրահում փետրվարի 28-ին տեղի է ունեցել 2010 թ. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկների՝ Քրիստինե Խաչատրյանի, Անի-Մաթիլդա Սերեբրակյանի, Սերգեյ Միքայելյանի և Արսեն Ներսիսյանի մեծարման հանդիսավոր երեկոն: Միջոցառմանը ներկա էին Վանկուվերում բնակվող ավելի քան երկու հարյուր հայեր և օտարազգի հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Կանադայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը: Նա շնորհավորել և շնորհակալություն է հայտնել հայ մարզիկներին` Օլիմպիական խաղերին Հայաստանը պատվով ներկայացնելու, սպորտային խառնվածք և օլիմպիական ոգուն նվիրվածություն ցուցաբերելու համար:
Արման Հակոբյանը մարզիկներին է հանձնել ՀՀ դեսպանության պատվոգրերը: Պատվոգիր է հանձնվել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ ի գնահատումն Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության բարձր մակարդակի ապահովման: Պատվոգիրն ընդունել է հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ով, իր հերթին, Արման Հակոբյանին է հանձնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հուշամեդալը: