Zaman. Սպասվում է, որ շուտով Ահմեթ Դավութօղլուն էլ կմեկնի Վաշինգտոն
«Մոտեցող ապրիլի քսանչորսն ամեն անգամ ցեղասպանության թեսթ է անցկացնում թուրք-ամերիկյան հարաբերությունների համար»,- գրում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը` ընդգծելով, որ ամեն անգամվա պես այս տարի էլ ապրիլի 24-ի նախաշեմին թուրքական դիվանագիտությունը ակտիվ գործողությունների է անցել` կանխելու իրենց համար անցանկալի զարգացումները:
Միևնույն ժամանակ «Zaman»-ը նկատել է տալիս, որ այս տարի պաշտոնական Անկարան առավել կտրուկ ու սուր է արձագանքում ԱՄՆ Կոնգրեսին: Մասնավորապես նախօրեին Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ հստակ նախազգուշացում կար, որ բանաձևի ընդունումն ուղիղ հարվածի տակ կդնի հայ-թուրքական մերձեցման հեռանկարը:
Աղբյուրի համաձայն` սպասվում է, որ առաջիկա օրերին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կմեկնի Միացյալ Նահանգներ:
«Ըստ Դավութօղլուի` ողջ աշխարհը և առաջին հերթին ԱՄՆ-ն գիտեն, որ Թուրքիան չի գործի ճնշման տակ: Անկարան, հակառակ ստեղծված տպավորության, պահպանում է կարգավորման համար անհրաժեշտ վճռականությունը: Կարգավորման գործընթացի միջնամասում ԱՄՆ-ից եկող բացասական ազդցության հետևանքով եթե գործընթացը տապալվի, ապա դրա ողջ պատասխանատվությունը կբարդվի Վաշինգտոնի վրա»,- գրում է «Zaman»-ը: