Դավութօղլու. Եթե բանաձևը Պալատի հանձնաժողովում ընդունվի, ուրեմն հարկ կլինի ջանք գործադրել դրա քվեարկությունը Կոնգրեսում կանխելու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցի ժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Այս մասին տեղեկացնում է «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը:
Թուրքիայի արտգործնախարարին հարց է ուղղվել այն մասին, թե ինչպիսին կլինի Անկարայի պահվածքը, եթե, այնուամենայնիվ, Պալատի հանձնաժողովը քվեարկությամբ ընդունի հիշյալ բանաձևը: Դավութօղլուն նախ հիշեցրել է, որ Վաշինգտոնում գտնվող թուրքական պատվիրակություններն ակտիվ շփումների մեջ են ամերիկյան կողմի հետ հենց դա կանխելու համար, ապա շարունակել է.
«Սպասում ենք, որ ԱՄՆ իշխանություններն անհրաժեշտ «մեսիջ» կտան: Իսկ եթե բանաձևը Պալատի հանձնաժողովում ընդունվի, ուրեմն հարկ կլինի ջանք գործադրել բանաձևի քվեարկությունը Կոնգրեսում կանխելու համար: Աշխարհի և տարածաշրջանի խաղաղությանն այսչափ ներդրում կատարած երկրին տագնապեցնող նմանօրինակ բանաձև ընդունելը ոչ մի առողջ մտքի ու տրամաբանության մեջ չի տեղավորվում: Հարկ է, որ բոլորը սա գիտենան և աչքի առաջ ունենան: Հուսանք, որ հանձնաժողովի անդամները սխալ չեն գործի»:
Դավութօղլուն հերթական անգամ բարձրաձայնել է այն մասին, որ ամերիկայն օրենսդիրների կողմից նման բանաձևի ընդունումը վնաս է հասցնելու հայ-թուրքական կարգավորման գործընթացին:
«Ճնշում գործադրել Թուրքիայի վրա, նշանակում է` լավ չճանաչել Թուրքիան»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նախորդող նորություն` CnnTurk. Հայոց ցեղասպանությյան N252 բանաձևի ընդունման հավանականությունը մեծ է
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան