CnnTurk. Հայոց ցեղասպանությյան N252 բանաձևի ընդունման հավանականությունը մեծ է
Վաշինգտոնի և Անկարայի միջև լարվածությունը սրվում է: Սա նկատել տալով` թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը նշում է, որ թեև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 46 անդամների մի մասն առայժմ չի կողմնորոշվել բանաձևը սատարելու կամ մերժելու հարցում, այդուամենայնիվ, Հայոց ցեղասպանությունը դատապարտող N252 բանաձևի ընդունման հավանականությունը մեծ է:
Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ Վաշինգտոնում թուրքական կողմն ակտիվ լոբբիստական գործունեություն է ծավալում: Մասնավորապես Թուրքիայի մեջլիսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը հանդիպումներ է անցկացնում Սպիտակ տան ներկայացուցիչների ու կոնգրեսականների հետ` ջանալով ամերիկացի օրենսդիրներին հետ պահել հիշյալ բանաձևի ընդունումից: Պասիվ չեն նաև Ամերիկայի թուրքական կազմակերպություններն ու միությունները:
Օրինակ` «Washington Post» թերթի մի ամբողջ էջում հրապարակել են իրենց հայտարարությունը, որով Օբամայի վարչակազմին կոչ են անում դադարեցնել բանաձևի ընթացքը: Միևնույն ժամանակ «CnnTurk»-ը նշում է, որ ԱՄՆ-ի հայկական լոբբին էլ Ցեղասպանության բանաձևի ընդունման համար է շարունակում ջանքեր գործադրել:
Մասնավորապես «Ամերիկայի հայկական համագումարը» հանդես է եկել «Վերջ տվեք Թուրքիայի լռեցման քաղաքականությունը» անվամբ արշավով:
Թուրքական լրատվամիջոցը նաև նշում է, որ հրեական ազդեցիկ ուժերն այս տարի թուրքերին չեն զորակցում:
«Հրեական կազմակերպությունների մեծ մասը նախընտրել է լռություն պահպանել: Լռություն է պահպանում նաև նախագահ Օբաման: Սպիտակ տնից ստացված առաջին ազդակները վատ են: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայք Համմերը հայտնել էր, որ ցեղասպանության հարցում Օբամայի տեսակետը չի փոխվել: Սա մեկնաբանվում է հետևյալ կերպ. բանաձևի ընդունումը կանխելու համար Օբաման որևէ գործողության չի դիմի»,- գրում է «CnnTurk»-ը:
Նախորդող նորություն` Թուրքերը ակնկալում են, որ վերջին պահին Օբամայի հեռախոսազանգը կտապալի Ցեղասպանության բանաձևի ընդունումը