«Սերժ Սարգսյանը մարտահրավեր է նետել Թուրքիային». այս խոսքերի համար Թուրքիայում մարդ են դատում
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` նախորդ տարվա հոկտեմբերին Թուրքիայի կատարած այցից առաջ թուրքական «gercekgundem» էլեկտրոնային կայքը երկու երկրների նախագահների մասին հրապարակել էր լրատվանյութ, որի տակ կայքի այցելուները ներկայացրել էին իրենց դիտարկումները, մեկնաբանությունները: Եվ ահա այցելուներից մեկի գրած մեկնաբանության պատճառով դատավարություն է սկսվել հիշյալ կայքի ղեկավարության դեմ:
«Եթե մեկնաբանություն գրած այցելուն չգտնվի, ապա «gercekgundem» լրատվական կայքի գլխավոր հրատարակիչ Բարըշ Յարքադաշին կարող է դատապարտվել 5 տարի և 4 ամսվա բանտարկություն»,- գրում է «Միլլիյեթ» (Milliyet) թերթը:
Դատական գործ բացելու պատճառը եղել է այն, որ ընթերցողներից մեկը կայքում զետեղած իր մեկնաբանությունում, քննադատելով Գյուլի պահվածքը, գրել է. «Սարգսյանը մարտահրավեր է նետել Թուրքիային»:
Թուրքիայի նախագահի աշխատակազմը դա որակել է իբրև վիրավորանք նախագահ Գյուլի հասցեին և քրեական օրենսգրիք համապատասխան հատկանիշներով դատի տվել Բարըշ Յարքադաշին:
«Դատվում ենք, մեր կողմից չգրված մեկնաբանության համար»,- ցավով նշել է կայքի գլխավոր հրատարակիչը: