Սթաքհաուզը և Քոմստոքը Հայաստանի մասին ֆիլմ կնկարահանեն
«Սպորտի դեսպաններ» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած սնոուբորդիստուհիներ Ամբեր Սթաքհաուզը և Էրին Քոմստոքն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց անցած ուղին, խոսեցին Հայաստան այցելության նպատակների ու ծրագրերի մասին: Պատասխանելով մեր թղթակցի հարցին` նրանք հայտարարեցին, որ կցանկանային ապագայում վերադառնալ Հայաստան և ֆիլմ նկարահանել այստեղ:
«Երեկ մենք հանդիպեցինք կինոյի ինստիտուտի ներկայացուցիչների հետ և իմացանք, թե ինչպիսի ֆիլմերի հետ կապված փառատոններ են կազմակերպվում Հայաստանում: Ինձ հատկապես հետաքրքրում է «Բոլոր կանայք» ֆիլմերի փառատոնը: Իհարկե, շատ կցանկանայի մասնակցել այդ փառատոնին և հետագայում Հայաստան վերադառնալ մի ֆիլմով»,- նշեց Ամբեր Սթաքհաուզը:
Էրին Քոմստոքը, իր հերթին, շեշտեց, որ այժմ աշխատում է ինտերնետային տեսանյութերի ուղղությամբ, որոնք ավելի փոքր ֆորմատ ունեն: «Ես, իհարկե, կցանկանայի ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, բայց դեռ պետք է խոսեմ ROXY խմբի ներկայացուցիչների հետ: Ֆիլմ նկարահանելու եմ շաբաթ օրը, Ծաղկաձորում: Մի օր կվերադառնամ Հայաստան «Snowboarding» ամսագրի ներկայացուցիչների հետ, որովհետև այստեղ տարածքները շատ լավն են, և կցանկանայի այստեղ ընդարձակել մեր գործունեությունը»,- ավելացրեց նա` շեշտելով, որ այս այցելության վերաբերյալ տեսաֆիլմն առաջիկայում կարող ենք գտնել ինտերնետում:
Մեր թղթակիցը հետաքրքրվեց նաև, թե ինչու է Էրին Քոմստոքը ժամանակին հեռացել ֆուտբոլից և սկսել զբաղվել սնոուբորդով:
«Ֆուտբոլն ինձ օգնել է, որպեսզի սնոուբորդում ավելի արագ աշխատեմ: Կարծում եմ` իմ հնարավորություններն ավելի լավ դրսևորվեցին հենց այս մարզաձևում»,- նշեց նա:
Իսկ Սթաքհաուզը մեջբերեց վիճակագրական մի հետաքրքիր փաստ: Ըստ նրա` այսօր սնոուբորդով զբաղվողների 60 տոկոսը նախկինում զբաղվել է ֆուտբոլով: