Աբդուլլահ Գյուլի պաշտոնական հայտարարությունը Ցեղասպանության բանաձևի ընդունման կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մարտի 4-ի նիստում քվեարկությամբ ընդունված Հայոց ցեղասպանության N252 բանաձևի առնչությամբ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Հաղորդագրության տեքստը զետեղված է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:
«Այդ որոշումը խելամիտ չեմ համարում և ցավով եմ ընդունում:
Օրինագիծը հարգանք չի ցուցաբերում թուրք ժողովրդի հանդեպ:
Պատմական իրողություններից հեռու և միակողմանի մեկնաբանության այդ տեքսի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից բնավ վայել չէ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին: Այս զարգացումը վտանգելու է բոլոր այն ջանքերը, որոնք նպատակաուղղված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, ժողովուրդների միջև մնայուն բարիդրացիական հարաբերությունների ստեղծմանը:
Քաղաքական շահերով պայմանավորված նմանօրինակ բանաձևն ընկալում եմ իբրև հակապատմական ու հակապատմագիտական:
Թուրքիան պատասխանատվություն չի կրելու այդ քվեարկության հետևանքով տարբեր ոլորտներում լինելիք բացասական արդյունքների համար»,-ասված է հայտարարության մեջ :
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը` 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: