Հերրերո. «Դարչինյանի հետ մենամարտում վայր չեմ ընկնի…»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, ով պատրաստվում է մեքսիկացի Ռոդրիգո Հերրերոյի հետ մենամարտին, իր մրցակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այդ մարտում կկարողանա դրսևորել իր բոլոր կարողությունները:
«Showtime»-ն ինձ համար հարազատ տուն է, և ես անհամբերությամբ եմ սպասում առաջիկա մենամարտին, որը հեռարձակվելու է այդ հեռուստաալիքով: Հերրերոյի հետ մարտում կկարողանամ դրսևորել իմ կարողությունները: Ռոդրիգոն լավ տղա է: Մենամարտել է գերազանց բռնցքամարտիկների հետ և ռինգում ամենևին էլ վատ չէր դիտվում: Այնպես որ, մրցակցին թերագնահատելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Հերրերոն բռնցքամարտում ապագա ունի»,- ասել է Դարչինյանը:
«Ես շատ ուրախ եմ և հուզված: Այս հնարավորությանը ողջ կյանքումս եմ սպասել: Երբ ինձ առաջին անգամ ասացին, որ մենամարտ եմ անցկացնելու չեմպիոնի կոչման համար, ականջներիս չհավատացի: Դա շատ մեծ անակնկալ էր, և ես երկար ժամանակ չէի կարողանում կտրվել այդ նորությունից: Միայն մարզումների ժամանակ հանգստացա: Գիտեմ, որ շատերն ինձ չեն ճանաչում և մտածում են, որ այնքան էլ լավ բռնցքամարտիկ չեմ: Սակայն կարող եմ խոստանալ, որ ռինգում վայր չեմ ընկնի 1-ին կամ 12-րդ ռաունդում: Մարդկանց անակնկալ կմատուցեմ»,- Հերրերոյի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը: