Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Այս մասին տեղեկացնող «Hurriyet» թերթը, նշում է, որ Ջեֆրին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևի առնչությամբ ասել է. «Մենք դեմ ենք հանձնաժողովում քվեարկված բանաձևին»:
Աղբյուրի համաձայն` ամերկացի դեսպանը Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների կողմից բանաձևի հետ կապված որոշ նախազգուշացումներ է ստացել:
Ջեֆրիին «մեսիջներ» են հղվել այն մասին, որ բանաձևի ընդունման փաստը վնասակար ազդեցություն է ունենալու թուրք-ամերիկյան հարաբերությունների և հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: