Միջազգային դպրոց Դիլիջանում
Այս տարի գարնանը մեկնարկելու են Դիլիջան քաղաքում միջազգային դպրոցի հիմնման շինարարական աշխատանքները, առաջին քայլն արդեն արված է: Այս մասին լրագողների հետ զրույցում հայտնեց «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:
«Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա դպրոցը պատրաստ կլինի 2013թ.-ին»,-հայտարարեց Ռ. Վարդանյանը:
Այն, ինչպես մանրամասնեց «Ամերիաբանկի» խորհրդի նախագահն իր խոսքում, նախատեսված է 13-18 տարեկան երեխաների համար: Ըստ նրա, դա միջազգային դպրոց է լինելու, որտեղ կուսանեն ոչ միայն հայազգի, այլև` արտասահմանցի երեխաներ:
« Այն կգործի նաև որպես ամառային ճամբար և ամբողջ աշխարհից երեխաներ կարող են գալ ու հանգստանալ այստեղ»,-ասաց Ռ. Վարդանյանը:
Նրա խոսքերով, դրսում ապրող հայերի համար դպրոցը հնարավորություն կստեղծի թե’ ուսանելու, թե’ միևնույն ժամանակ կապ հաստատելու հայրենիքի հետ:
Ի դեպ, դպրոցը ցերեկային չէ, այլ դպրոց-ինտերնատ, որտեղ ուսանելու են մի քանի լեզուներով:
«Դպրոցը պարզապես գեղեցիկ շենք չի լինելու, այլ` հատուկ ծրագիր, ուսուցիչներ է ունենալու»,-հավաստեց Ռ. Վարդանյանը: