Թուրք ընդդիմադիր. ԱՄՆ-ի` թուրք ժողովրդին ցեղասպան անվանելը, չպետք է անակնկալ լիներ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) ընդդիմադիր կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին տարածել է գրավոր հայտարարություն, որտեղ քննադատություններ է հնչեցվում Թուրքիայի իշխող կուսակցության (AKP) և Էրդողանի ղեկավարած կառավարության հասցեին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» (Vatan) օրաթերթը:
Դևլեթ Բահչելին, դատապարտելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունումը, նշել է, որ Թուրքիայի իշխանությունները միջազգային արենայում այլևս պարտված են և իրենց վարած ապաշնորհ քաղաքականությամբ երկիրը ամեն օր մի նոր ճահճի մեջ են գցում:
«Տարիներով շարունակաբար բարձրաձայնված Հայոց ցեղասպանության պնդումները վերջին շրջանում` «AKP»-ի իշխանության տարիներին, ավելի են թեժացել: Այն դեպքում, երբ վարչապետ Էրդողանը մեր պապերի պատմությունը մեկնաբանում է որպես ֆաշիզմի տարրեր պարունակող պատմություն ու երբ գովերգվում են ապստամբության պարագլուխները, Միացյալ Նահանգների` թուրք ժողովրդին ցեղասպան անվանելը չպետք է անկանկալ լիներ»,- ասել է Բահչելին` պահանջելով, որ Էրդողանը ապրիլին ծրագրած ԱՄՆ կատարելիք այցը չեղյալ հայտարարի:
Ըստ Բահչելիի, Անկարային անհրաժեշտ է վայրկյան առաջ ազատվել Ամերիկայի վարձու աշխատողը լինելուց: