«Ավագ դպրոցի ներդրման և միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետևանքներն ու առկա հիմնախնդիրները»
2009-2010թթ. Հայաստանի կրթական համակարգում ներդրվեց ավագ դպրոցի ինստիտուտը, ինչը միանշանակ չընկալվեց հանրության կողմից:
Թիվ մեկ առարկությունն այն էր, որ ընդհանուր առմամբ ո’չ մանկավարժները և ո’չ էլ երեխաները դրան պատրաստ չէին:
Այս և մի շարք այլ խնդիրների քննարկմանն են նվիրված Ազգային Ժողովի «Ավագ դպրոցի ներդրման և միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետևանքներն ու առկա հիմնախնդիրները» խորհրդարանական լսումները:
Բացման խոսքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով կրթական համակարգի բարեփոխումները նշեց, որ անհրաժեշտ է համարում վերանայել ավագ դպրոցի ստեղծման ռազմավարությունը և համապատասխանեցնել այն «Հանրակրթության մասին՚» օրենքի դրույթներին:
«Թեև վերջին տարիներին մեր երկիրը մեծ ջանքեր է ներդնում կրթական ոլորտում, այդուհանդերձ, դեռ շատ չլուծված ու վիճելի հարցեր կան», -ասաց ԱԺ նախագահը և թվարկեց դրանցից ամենաառաջնայինները, որոնք կարևոր են կրթության երրորդ աստիճանի (ավագ դպրոցի) կայացման ճանապարհին:
Դրանք են` ավագ դպրոցների ուսուցիչների մասնագիտական որակավորման (ինչն առաջնային է ռազմավարական և վարկային ծրագրերում) ու կրթական ծրագրերի բազմազանության ապահովումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, որոնք, ըստ Հ.Աբրահամյանի, մեծ են ավագ դպրոցներում:
Նա կոչ արեց առանձին ուշադրություն դարձնել ավագ դպրոցների և հոսքային ուսուցման դասարանների համար մասնագիտացված գրքերի ու ուսումնամեթոդական բազայի ստեղծմանը, սահմանել վերահսկողություն` ծրագրի իրականացման արդյունավետության նկատմամբ:
ԱԺ նախագահը նկատեց` վերոհիշյալից կարելի է եզրակացնել ավագ դպրոցի անելիքների մասին և ցանկություն հայտնեց, որ այս պահին խորհրդարանում ընթացող լսումների ժամանակ բացի փաստաթղթային նյութերից կներկայացվեն նաև իրական ցուցանիշներ: