Ի պաշտպանություն Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի
06.03.2010-ի հոդվածաշարում բարձրաձայնել էինք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու նպատակով տարածքը Սուրբ Էջմիածնին օտարելու կառավարության որոշման մասին, ինչպես նաև` մասնագիտական կարծիքներ դրա հետ կապված:
Երկու օր առաջ մի խումբ երիտասարդներ, որոնց հետագայում միացել են նաև անվանի մտավորականներ, հայտարարեցին Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության ստեղծման մասին: Նրանց հաջորդ քայլն էր` իրենց հուզող խնդիրների մասին նամակով հայտնել Վեհափառին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Նշենք, որ այս պահի դրությամբ դեռևս արձագանք չի ստացվել:
Նամակների բովանդակությունը և , ընդհանրապես, խնդիրը Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց Մանե Թամանյանը` նախաձեռնության կազմակերպիչներից մեկը:
Նրա խոսքով, խորհրդային տարիներից մեզ հասած բացասական ավանդույթը` ստեղծել նորը քանդելով հինը, այս անգամ ևս իր դերը խաղաց այս հարցում, երբ որոշվեց Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում կառուցել Պողոս-Պետրոս եկեղեցին և որն էլ մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում:
Նա նշեց նաև, որ եթե խոսքը պատմական արդարության մասին է, ապա եկեղեցին կառուցելու համար անհրաժեշտ է քանդել ողջ կինոթատրոնը, որովհետև նախկինում եկեղեցին հենց այդ տարածքում է եղել: Բայց, ինչպես հայտնի է, որոշում է կայացվել բացօթյա դահլիճի տարածքն օտարել, անտեսելով այն հանգամանքը, որ դա 60-70-ական թվականների ճարտարապետական եզակի կառույց է և, առհասարակ, Երևանում նման դահլիճ էլ չունենք:
Ըստ Մանեի, ընդամենը 3 օրվա պատմություն ունեցող նախաձեռնությանն այս պահի դրությամբ միացել են 2107 քաղաքացի: Ինչ վերաբերում է մտավորականներին, ապա դրանց թվում են Ռուբեն Հախվերդյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, Տիգրան Խզմալյանն ու այլոք, իսկ Հայաստանի ճարտարապետների միությունն առանձին նամակով է դիմելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու ՀՀ վարչապետին:
«Մենք հասկանում ենք, որ եկեղեցու հետ գուցե դժվար է պայքարել, բայց հույսը չենք կորցնում»,- նշեց նախաձեռնության ներկայացուցիչը:
Նախորդող նորություններ` «Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»
Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան