Դանա Մազալովա. Աշխարհին ցույց են տալիս ոչ այն կադրերը, որ արվել են Խոջալուի իրադարձությունների օրերին
Ադրբեջանական կողմը աշխարհին ցույց է տալիս ոչ այն կադրերը, որ արվել են Խոջալուի իրադարձությունների օրերին: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովան, ով լուսաբանել է ղարաբաղյան պատերազմը ադրբեջանական և հայկական կողմերից:
Հիշեցնենք, որ Դանա Մազալովան հեղինակն է Այազ Մութալիբովի հետ հայտնի այն հարցազրույցի, որտեղ Ադրբեջանի նախկին նախագահը խոստովանում է, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմության ձեռքի գործն է:
Այսօր կայացած ասուլիսում չեխ լրագրողը պատմեց, թե ինչպես է ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևը տեսանկարահանել Աղդամի մատույցներում սպանվածներին ու այնտեղից հեռացրել նրանց դիակները: Հետագայում` 1995 թվականին «Ռեֆլեքս» պարբերականում հրապարակած իր հոդվածում, Դանա Մազալովան նկարագրել է այդ իրադարձություններն ու սպանությունները, և այն, թե ինչպես է Չինգիզ Մուստաֆաևը տեղանքից հեռացրել սպանվածների դիակները, որոնք սակայն օգտագործվեցին Մութալիբովին պաշտոնանկ անելու համար:
Դանա Մազալովայի խոսքով, Խոջալուի իրադարձությունների մասին ճշմարտությունը բացահայտելու համար ադրբեջանական կողմը մեղադրում է լրագրողին` իրեն, որ հանդգնել է նման հարցեր ուղղել Մութալիբովին, և խմբագրին, ով հրապարակել է այդ հարցազրույցը: Այդ օրվանից հետո Մազալովան Ադրբեջան չի այցելել:
«Այդ կադրերից հետո Չինգիզը սեփական երկրում վախենում էր շրջել առանց զրհաբաճկոնի: Ես տեսել եմ Չինգիզի նկարահանած նյութը, ինչի հիման վրա էլ ձևակերպել եմ Մութալիբովին ուղղված հարցերը»,- ընդգծեց նա` հիշեցնելով, որ դրանից մի քանի ամիս անց Չինգիզ Մուստաֆաևը սպանվեց:
Տեղեկացնենք, որ Այազ Մութալիբովի հետ Դանա Մազալովայի հարցազրույցը հրապարակվել է «Նեզավիսիմայա գազետա» թերթի 1992 թվականի ապրիլի 2-ի համարում, իսկ դրան կարելի է ծանոթանալ Xocali.net կայքում: Այդ հարցազրույցում Ադրբեջանի այդ օրերի նախագահը պնդում է, որ հայկական կողմը տրամադրել է միջանցք, որով Խոջալուում մնացածները կարող էին հեռանալ: Միջանցքի առկայության մասին «Մոսկովսկիե նովոստի» թերթում ունեցած հրապարակումներում վկայում է նաև ռուս լրագրող Վիկտորիա Իվլիևան, ով նաև անցնել է այդ միջանցքով:
Այսօր կայացած ասուլիսում չեխ լրագրողը նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպայում որևէ մեկին չի հետաքրքրում: «Չեմ կարծում, որ այսօր Եվրոպայում որևէ մեկը հետաքրքրվում է այդ թեմայով: Ավելին, եվրոպացիները ցանկանում են հեռու մնալ այդ հիմնախնդրից: Դրանով ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում»,- նշեց նա:
Լրագրողն անդրադարձավ նաև վերջերս չեխական Լեդիցե գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, երբ տեղի ադրբեջանական համայնքը փորձ է արել Խոջալուի իրադարձություններին նվիրված միջոցառում կազմակերպել: Այդտեղ ադրբեջանցիները փորձել էին հակահայկական խնդիրներ լուծելու նպատակով օգտագործել երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիզմի զոհերի հիշատակին Լեդիցե գյուղում կառուցված հուշահամալիրը:
«Ես չեմ ուզում, որ որևէ մեկը Լեդիցեում նացիզմի զոհերի դիակների վրա քարոզչություն ծավալի»,- ասաց Դանա Մազալովան, ով ջանք չի խնայել ադրբեջանցիների սադրանքը տապալելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան