«Սինոփսիս Արմենիան» 15000 ԱՄՆ դոլլարի ներդրում է կատարում տեխնիկական գրադարանի համալրման համար
Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման և արտադրության ոլորտի ծրագրային ապահովման և մտավոր սեփականության համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերությունը այսօր հայտարարել է, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 15000 ԱՄՆ դոլլար է տրամադրել ՍԱՈւԴ-ի տեխնիկական գրադարանը գերժամանակակից մասնագիտական գրքերով համալրելու համար: Այս մասին տեղեկանում ենք ընկերության Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանից:
Այս նվիրատվությունը ցուցադրում է Սինոփսիսի շարունակական ավանդը Հայաստանի երիտասարդության և ՏՏ կրթության ոլորտում, ինչը հիմնարար բաղադրիչ է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների տնտեսության մրցունակությունը բարձրացնելու գործում:
«Սինոփսիս Արմենիան» իր ուսումնական դեպարտամենտի միջոցով բարձրագույն կրթություն է տրամադրում միկրոէլեկտրոնիկայի բնագավառում: Հիմնված լինելով բուհ-արտադրություն համագործակցության հաջողված ուսումնական մոդելի վրա` ՍԱՈւԴ ը պատրաստում է բարձր որակավորում ունեցող, գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման (VLSI) և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտների արդյունաբերություն մուտք գործելուն պատրաստ մասնագետներ: Ավելի քան 400 ուսանող է ավարտել ՍԱՈւԴ-ը և նրանցից շատերը այսօր աշխատում են «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեղական այլ ընկերություններում:
Ուսանողներին համաշխարհային մակարդակի կրթություն տրամադրելու նպատակով, ՍԱՈւԴ-ը առաջարկում է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները: