Ինտերպոլը «գնում» է ադրբեջանցի ահաբեկիչների հետքերով
Ադրբեջանի 4 քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Վերջիններս մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության` այս դեպքում «Ալ-Ղաիդայի» անդամ լինելու և ահաբեկչական գործողությունների մասնակցելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ազ» լրատվական կայքը:
Այս մասին զեկույցով, Ադրբեջանի Միլի Մեջլիսում հանդես է եկել կառավարության ներկայացուցիչը: Փաստաթղթում նշվում է, որ երկրում լուրջ պայքար է ծավալվել ահաբեկչության դեմ պայքարի, անջատողականության և կրոնական ծայրահեղականության դեմ:
Զեկույցում նշվում է, որ կատարված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ արմատական վահաբիթներ Ադրբեջանից մեկնել են Պակիստանի (Հյուսիսային Վեզիրստան) և «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման կազմում մասնակցել զինվորական զորահավաքների: Հավաքներին մասնակցություն են ունեցել նաև թալիբների խմբավորումները:
Զեկույցում նշվում է, որ անցած տարվա ընթացքում ազգային անվտանգության նախարարության կողմից ձերբակալվել է ադրբեջանցի 18 ահաբեկիչ, որոնք տարբեր ահաբեկչական ճամբարներում հատուկ պատրաստություն են ստացել և մասնակցել մի շարք ահաբեկչական գործողությունների` Պակիստանում, Աֆղանստանում և մի շարք այլ երկրներում:
Այս պահի դրությամբ, Ինտերպոլը Ադրբեջանի 4 քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարել: