Խոզերի անկման դեպքերն ավելանում են. Դեռևս պարզ չէ` ժանտախտն աֆրիկյա՞ն է, թե՞ ոչ
Հանրապետությունում խոզերի մասսայական անկման դեպքերը հետզհետե ավելանում են: Ինչպես Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը, այսօրվա դրությամբ Տավուշի մարզի 5 գյուղերում շուրջ 124 կենդանու անկման դեպք է գրանցվել:
Ինչպես նշեց Գ. Բաղյանը, 124 գլուխ խոզից 106-ը ենթարկվել են հարկադիր սպանդի, իսկ 18-ը սատկել է: Լաբորատորիա ուղարկած փորձանմուշների պատասխանները դեռևս պարզ չեն, բայց տեսչության պետի հավաստմամբ, դա այնքան էլ մեծ նշանակություն չունի, քանի որ տվյալ գյուղերում արդեն իսկ տարվում են աֆրիկյան ժանտախտի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:
«Մեզ մոտ լաբորատոր փորձաքննությունից հետո պատասխանները հաստատելու կամ հերքելու համար ուղարկվելու են արտասահման. կա́մ Լոնդոն, կա́մ Մոսկվա, կա́մ էլ Իտալիա: Իսկ մինչ այդ Տավուշի մարզում իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները` վարակի տարածումը կանխելու համար»,-ասաց Գ. Բաղյանը:
Նրա խոսքով, մասնագետներն ավելի հակված են խոզերի անկման պատճառները վերագրել աֆրիկյան ժանտախտին, քանի որ 2007 և 2008 թվականներին այդ մարզում գրանցվել էր խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը:
Գ. Բաղյանը նշեց, որ երկրից խոզի միս չի արտահանվում, մսամթերքից միայն երշիկ է արտահանվում Վրաստան: Վերջինս Տավուշում գրանցված դեպքերից չի անհանգստանում և երշիկի ներկրումից չի հրաժարվել: Բացի այդ տեսչության պետը հիշեցրեց, որ Վրաստանում ևս առկա է աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին ու Թուրքիային, ապա, ըստ նրա, այդ երկրներում ժանտախտի դեպքեր չեն գրանցվել:
Նշենք, որ Տավուշի մարզի 5 գյուղերից չի թույլատրվում հանրապետության մյուս վարզեր խոզի միս կամ մսամթերք արտահանել: Գյուղերում սահմանված է կարանտին, իրականացվում է վերահսկողություն:
Հիշեցնենք, որ աֆրիկյան ժանտախտը հանրապետությունում խոզերի մեծաքանակ գլխաքանակի կորստի պատճառ դարձավ Լոռու և Տավուշի մարզերում, 2007 թվականին: Մասնավորապես 2007-ի հոկտեմբերին երկու մարզերում հիվանդության հետևանքով ոչնչացվել է 5500 խոզ: Ապա, հիվանդությունը որոշակի դադարից հետո բռնկվել է նաև Արարատի մարզում:
Հայաստանում աֆրիկյան ժանտախտի առկայության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը եղել է օգոստոսի 23-ին: Մինչ օրս հիվանդության օջախներ են հայտնաբերվել Լոռիում, Տավուշում, Երևանում, Արարատում և Գեղարքունիքի մի գյուղում: Աշխարհում այս հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է 1903թ. Հարավային Աֆրիկայում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան