Թուրք ընդդիմադիր. Չպետք է Վաշինգտոնը շատ երկար ժամանակ թողնել առանց դեսպանի
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցերին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Զաման» (Zaman) թերթը նշում է, որ Օյմենն իր դժգոհությունն է հայտնել բանաձևի ընդունման կապակցությամբ:
Թուրք պատգամավորը, վկայակոչելով «ՄԱԿ»-ի 1948 թվականի Ցեղասպանության դեմ պայքարի կոնվենցիան, նշել է, որ ցեղասպանության հանցանք գործած լինելու վերաբերյալ որևէ երկրի նկատմամաբ որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն միջազգային դատարանները, այլ ոչ թե պետությունների խորհրդարանները:
«Մենք դատապարտում ենք այդ որոշումը, բայց դա բավարար չէ, հարկավոր է նաև գործել: Անհրաժեշտ է, որ Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները մեջլիսից հետ կանչվեն: Դրանք այլևս ոչ մի արժեք չունեն և հակառակվում են մեր շահերին: Մեր դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելը ճիշտ եմ համարում: Բայց և նրան այլևս Վաշինգտոն չգործուղելու մասին մտածելը մի քիչ չափազանցված մոտեցում եմ համարում: Քանի որ այստեղ մենք չունենք ԱՄՆ-ին հակազդեցություն ցույց տալու, ազդեցիկ միջոց ձեռնարկելու համար: Մեր դեսպանը մի որոշ ժամանակ կարող է և պետք է, որ այստեղ մնա, բայց նրա տեղն, ի վերջո, այնտեղ է: Ամերիկայում Թուրքիայի շահերը պաշտպանելու համար մենք դեսպանի կարիք ունենք: Չպետք է Վաշինգտոնը շատ երկար ժամանակ թողնել առանց դեսպանի»,- ասել է Օնուր Օյմենը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի ընդունումից հետո Անկարան խորհրդակցությունների նպատակով Վաշինգտոնից հետ կանչեց իր նորանշանակ դեսպանին` Նամըք Թանին: Օրեր առաջ էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Սաուդյան Արաբիայում սպառնագին հայտարարություն էր արել, թե մինչև ԱՄՆ-ն հստակ ուղերձ չուղարկի Անկարային` հիշյալ բանաձևի վերաբերյալ, ապա թուրք դեսպանն այլևս չի գործուղվի Վաշինգտոն:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: