Դավութօղլու. Մենք Սպիտակ տնից ակնկալում ենք ավելի ազդեցիկ կեցվածքի դրսևորում
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Իռլանդիա կատարծ երկօրյա աշխատանքային այցի ավարտից առաջ հարցազրույց է տվել «Irısh Times» թերթին: Ըստ թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության` Դավութօղլուն անդրադարձել է տարածաշրջանային ու միջազգային հարցերում Թուրքիայի ունեցած դերակատարությանը` ասելով.
«Եվրամիության և ՆԱՏՕ-ի նման ավանդական ռազմավարական կապերը ձևավորում են Թուրքիայի արտաքին քաղաքականության ողնաշարը: Այդ իսկ պատճառով որպեսզի Թուրքիան կարողանա ներդրում ունենալ տարածաշրջանային ու միջազգային խաղաղության համընդհանուր գործում, անհրաժեշտ է, որ ամեն բնագավառում ակտիվ դիվանագիտություն վարենք»:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին վերաբերող հարցին էլ ի պատասխան Դավութօղլուն ասել է, որ իրենք սպասում են, որ Սպիտակ տունն այդ հարցում ավելի ազդեցիկ կեցվածք կդրսևորի: Թուրքիայի արտգործնախարարն անընդունելի համարել այն, որ թեև ԱՄՆ-ն ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, բայց որոշ կոնգրեսականների մասնավոր քաղաքական նպատակներին ծառայող այդ գործընթացը վարկաբեկում է թուրք ժողովրդին: