Աբդուլլահ Գյուլն անձնական վիրավորանք է հասցրել Ցեղասպանության բանաձևն ընդունած շվեդ խորհրդարանականներին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մի խումբ գործարարների հետ հանդիպելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում Շվեդիայի խորհրդարանի կողմից մեկ քվեի առավելությամբ ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման փաստը, Գյուլը պատասխանել է.
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ընդունվում նման որոշումները: Դրանք անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ են մեր հանդեպ»:
Ընդգծելով այն հանգամանքը, որ այդ քվեարկությունն իրականացրածները կամ այդ որոշումն ընդունողները պատմաբաններ չեն, Թուրքիայի նախագահը նշել է.
«Ամերիկայի Կոնգրեսի վերաբերյալ ասածներս կուզեմ այստեղ ևս կրկնել: Եթե հարցնեք 3 բառ նրանք չեն կարող ասել: Հիմնականում շատ փոքր մոտիվացիաներով գործող անձիք են: Պատմության հանդեպ նրանց արածները, հարգանքի բացակայության տեսանկյունից, մտահոգիչ են»:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ, Շվեդիան,: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: