Եղիշե Չարենց 113. «Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»
Այսօր լրանում է մեծանուն հայ գրող Եղիշե Չարենցի 113-ամյակը:
Այս առթիով Չարենից տուն-թանգարանը հայտարարել է պոեզիայի օր. Չարենցի հուշարձանի մոտ կազմակերպվելու է միջոցառում, իսկ թանգարանում կազմակերպվելու է անտիպ և տպագրված ձեռագրերի ցուցահանդես, համերգային ծրագիր: Այս մասին Panorama.am-ին ասացին Եղիշե Չարենցի տուն-թանգարանից:
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա ևս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ «Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում»:
1908-1912 թթ. սովորել է ծննդավայրի ռեալական ուսումնարանում: 1921 թ. լրացրած կուսակցական հարցաթերթիկում նշում է, որ ստացել է «Միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի կրթություն»: 1914 - Կարսում, Շ. Կ. Սուրենյանի «Արևագալ» տպարանում լույս է տեսնում Չարենցի անդրանիկ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի առաջին մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին:
Գրքի վրա արդեն գրված էր Չարենց: Որտեղից է առաջացել Չարենց գրական անունը.
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս:
Ըստ Կարինե Քոթանճյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչունական տեղաշարժերի հետևանքով:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ազգային ազատագրության մասին երազանքը Չարենցին բերում է հայկական կամավորական գնդերից մեկը։
Նա իր ջոկատի հետ մարտերով հասնում է մինչև Վան։ Այդ ժամանակ նա գրում է «Դանթեական առասպել» պոեմը։
1916 թ. աշնանը Չարենցը մեկնում է Մոսկվա և ընդունվում Շանյավսկու համալսարան։ Նույն ժամանակ Չարենցը տարվում է կոմունիստական հայացքներով։ 1917 թ. փետրվարին նա համալսարանի ուսանողների հետ մասնակցում է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը։
1919 թ. նա վերադառնում է Երևան և որոշ ժամանակ աշխատում որպես ուսուցիչ։ 1919 թ. Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» պոեմը։
1930 թ. խորհրդային գրականության մեջ իրավիճակը փոխվում է, և Չարենցը կորցնում է հավատը խորհրդային իշխանության նկատմամբ։
Չարենցի ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում Ա.Պուշկինի, Վ. Մայակովսկու, Ի. Գյոթեի, Է. Վերհարնի, Ու. Ուիթմենի, Մ. Գորկու ստեղծագործությունների թարգմանությունները։ Նա հայերեն է թարգմանել «Ինտերնացիոնալը»։
30-ական թթ. կեսերին ԽՍՀՄ-ում սկսվում են ստալինյան ռեպրեսիաները։ 1936 թ. ձերբակալվում են բազմաթիվ հայ գրողներ, որոնց ցուցմունքներում կան վկայություններ նաև Չարենցի մասին: Նա մեղադրվում է որպես հակահեղափոխական, նացիոնալիստ, տրոցկիստ, ահաբեկիչ։
Եղիշե Չարենցը 1937 թ. նոյեմբերի 27-ին առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում։ Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տևած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին «օրգանիզմի ընդհանուր հյուծման», ինչն էլ, ըստ պաշտոնական վարկածի, վերահաս մահվան պատճառ է դարձել:
50-ական թթ. Եղիշե Չարենցը հետմահու արդարացվում է։
«Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած:
Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում», Եղիշե Չարենց:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան