Էրդողանը Լոնդոնում հանդես է գալու հայկական բանաձևը չընդունելու նախազգուշացումներով
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 16-ին Լոնդոնում հանդիպելու է բրիտանացի պաշտոնակից Գորդոն Բրաունի հետ: Ըստ «Անկա» (Anka) լրատվական գործակալության` Էրդողանը հանդես է գալու նախազգուշացումներով` փորձելով կանխել հայկական օրինագծի ընդունումը Միացյալ Թագավորության Համայնքների պալատում:
Թուրքիայի վարչապետը նախազգուշացնելու է այն հնարավոր բացասական հետևանքների մասին, որոնց պատճառը կարող է լինել հայկական բանաձևի ընդունումը: Դրանիցից մեկը թուրք-անգլիական հարաբերությունների վնասումն է, մյուսը հայ-թուրքական կարգավորման գործընթացի դադարեցումը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում ապրիլի 30-ին քննարկվելու է «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու» մասին օրինագիծը:
Այդ օրինագիծը հեղինակել և հունվարի 6-ին Համայնքների պալատ է ներկայացրել իշխող «Աշխատավորական կուսակցության» պատգամավոր Անդրյու Դիսմորը: Ապրիլի 30-ին Համայնքների պալատի կողմից ընդունվելուց հետո բանաձևը ներկայացվելու է Լորդերի պալատ, այնուհետև` թագուհու ստորագրմանը: