Սփյուռքը սպասում» է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին. Համահայկական չորրորդ փառատոնը տարբերվում է նախորդներից
Այսօր մեկնարկում ու մինչև տարեվերջ շարունակվելու է չորրորդ համահայկական «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը, որն իր ծրագրով տարբերվում է նախորդներից: Այս մասին ասուլիսում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այս փառատոնը մեր ազգային միասնության, հայ ժողովրդի համախմբման կարևորագույն ծրագրերից է: Փառատոնի հիմնական նպատակը համահայկական, համազգային միջոցառման կազմակերպումն է, որն առավել կամրջում, սերտացնում է Հայրենիքը Սփյուռքին, Սփյուռքը Հայրենիքին, Սփյուռքը Սփյուռքին»,-ասաց նախարարը: Փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակներին:
Այս տարվա նորություններից այն է, որ ավելացել են արվեստի մի շարք ճյուղեր. կատարողական արվեստին միացել են կերպարվեստ, քանդակագործություն, շախմատի համահայկական օլիմպիադա, ԶԼՄ-ների համաժողով Արցախում: Փառատոնի ընթացքում անցկացվելու են համահայկական համաժողովներ, վարպետության դասընթացներ:
Փառատոնի ընթացքում ապրիլի 20-30-ին կազմակերպվելու է կերպարվեստի համահայկական ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին, հունիսի 25-27-ը տեղի է ունենալու կերպարվեստի և քանդակագործության մասնագետների հավաք, հունիսի 28-29-ը` գրողների համաժողով, որի ընթացքում նշվելու է գրողներ Հովհաննես Շիրազի 95 և Ռուբեն Սևակի ծննդյան 125 -ամյակները: Այնուհետև անցկացվելու է «Հայ կատարողական արվեստի օրեր», «Թատերական հյուրախաղեր», որի ընացքում իրենց արվեստն են ցուցադրելու Մոսկվայի, Լիբանանի, Նյու Յորքի հայկական թատրոնները:
Մեկ ազգ, մեկ մշակույթ փառատոնի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանն ասաց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի ընդլայնի փառատոնի աշխարահագրությունը ու հասնում են արդյունքների: Արդեն ստացել են 11 երկրից 400 հայտ: «Մենք արդեն չենք էլ կարող որոշել` անցկացնել փառատո՞ն, թե՞ ոչ, որովհետև Սփյուռքը սպասում է դրան»,- ասաց նա: