Թուրք հակերները սկսել են գրոհել շվեդական կայքերը
Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը նախ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ապա նաև Շվեդիայի խորհրդարանի կողմից, զայրացրել է թուրք հակերներին (համակարգչահեն): Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերֆորմ» (Haberform) լրատվական կայքը:
Աղբյուրի տեղեկացմամբ` թուրք հակերները սկսել են հարձակվել շվեդական որոշ գիտական հաստատությունների, հետազոտական կենտրոնների կայքերի վրա ու կոտրել դրանք: Հարձակումների թիրախում հայտնվել են նաև որոշ պաշտոնական կայքեր:
Այս մասին տեղեկացնող թուրքական լրատվամիջոցը նաև հրապարակել է թուրք համակարգչահենների կոտրած շվեդական կայքերի մի մասին ցանկը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, պոնտոսցի հույների, ասորիների և կելտերի ցեղասպանության մասին օրինագիծ, որով Թուրքիային մասնավորապես կոչ էր արվում առերեսվել սեփական պատմության հետ:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: