Sabah. Դեսպաններին հետ կանչելը, պաշտոնայցերը չեղյալ հայտարարելն ամբոխավարական արտաքին քաղաքականություն է
Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր ռազմավարության արդյունքները ոչ միայց գոհացուցիչ չեն, այլև լրջապես դժգոհելու համար բական հիմնավոր առիթ են տալիս: Տեսակետը թուրքական «Սաբահ» (Sabah) թերթինն է:
Օմեր Թաշփընարի հեղինակած հոդվածում նշվում է, որ Անկարայի համար բարդ խնդիրներ համարվող կիպրական ու հայկական հարցերը ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի խորանալով ու ընդլայվելով նորանոր ճեղքեր են բացում Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում:
«Կիպրոսի հարցը եվրաանդամակցության բանակցություններում, իսկ Հայկական հարցն էլ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում երաշխիքային բաղկացուցիչ է դարձել: Հայկական հարցը հետզհետե ավելի վտանգավոր է դառնում»,- նկատել է տալիս հոդվածագիրը: Վերջինս քննադատաբար է վերաբերվում այն իրողությանը, որ, ի պատասխան հայկական բանաձևերի ընդունման, Թուրքիան անժամկետ կերպով հետ է կանչում իր դեսպաններին, Էրդողանի` Շվեդիա կատարելիք այցը չեղյալ է հայտարարում, իսկ հիմա էլ թիրախում հայտնվել է Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին Էրդողանի մասնակցել-չմասնակցելու հարցը:
«Լավ, այսպես մինչև ո՞ւր: Ինչո՞ւ է այսպիսի սաստկությամբ հակազդեցություն ցուցաբերվում»:
Նշվում է, որ թուրքական իշխանությունների վարած անհեռատես ու ոչ-սառնասիրտ քաղաքականության հետևանքով Թուրքիան գրեթե մեկուսացել է Արևմուտքից ու դեռ ապահովագրված չէ ավելի լուրջ ճգնաժամերի հետ բախվելու վտանգից: Թաշփընարի բնորոշմամբ` Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունն իր առագաստը բացելիս կարող է մնալ ազգայնականների հուժկու ալիքի տակ:
«Հայկական հարցի շուրջ ծավալվող զարգացումների պատճառով դեսպաններին հետ կանչելը, դրանով չբավարարվելը, պաշտոնայցերը չեղյալ հայտարարելը և ըստ էության ճգնաժամը չհաղթահարելը բնավ նորմալ պահվածք չէ: Այդ գործողությունները կարող են բացատրվել միայն նրանով, որ քաղաքական նախապատվությունը տրվել է ամբոխավարական (պոպուլիստական) արտաքին քաղաքականությանը: Ինքն իրեն վստահող իշխանությունը նորմալ պայմաններում այսչափ ամբոխավարության կարիք չի զգա և իր արտաքին քաղաքականությունում այսքան սխալներ թույլ չի տա: Նմանապես և հայ-թուրքական կարգավորման հարցը Ղարաբաղի հիմնախնդրով պայմանավորելը կարող է նույն կերպ բացատրվել»,- գրում է «Sabah»-ը: