Էրդողանը կողմ է, Դավութօղլուն` դեմ` Թուրքիայիում ապօրինի բնակվող հայերի արտաքսմանը
Լոնդոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հարցազրույց տալով «BBC» լրատվական ծառայությանը, նախազգուշացրել է, որ Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերը կարող են վտարվել այդ երկրից: Էրդողանը հիշյալ հայերի թիվը հասցրել է 100 հազարի:
Ըստ «Zaman»-ի` Էրդողանը ընդգծել է նաև, որ Հայաստանին բարեկամ երկրները պետք է օգնեն հայ-թուրքական կարգավորման գործընթացին:
«Եթե Հայաստանին սիրող երկրներ կան, գլխավորապես Ամերիկան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ուրեմն հարկ է, որ Հայաստանին ազատեն Սփյուռքի գրավը լինելուց»,- ասել է Էրդողանը:
Վերջինս շոու է որակել այլ երկրների խորհրդարաններում Ցեղասպանության բանաձևերի ընդունումը, ինչը, ըստ նրա, վնաս է հասցնում նաև հայ ժողովրդին:
«CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ էլ` Էրդողանը Ցեղասպանության բանաձևի ընդունման առնչությամբ ասել է հետևյալը. «Հայաստանին առնչվող զարգացումներում առկա դժվարությունները մեզնից չեն, դրանք մեծ հաշվով Հայաստանի հետ են կապված: Հայաստանին անհրաժեշտ է մի շատ կարևոր որոշում կայացնել»:
Թուրքիայի վարչապետի հավաստամամբ` Անկարան հետամուտ է «զրո խնդիր» հարևանների հետ արտաքին քաղաքական մարտավարությանը:
«Մենք, իհարկե, վճռականորեն շարունակում և շարունակելու ենք «զրո խնդիր հարևանների հետ» մեր արտաքին քաղաքականությունը: Բայց եթե մեր մեկնած ձեռքը հանդիպի բռնունցքի, ապա ոչինչ էլ չենք կարող անել»:
«Տեսեք, իմ երկրում 170 հազար հայ կա: Նրանցից 70 հազարը իմ քաղաքացիներն են: Բայց մնացյալ հարյուր հազարին մեր երկրում տեղ ենք տալիս: Ի՞նչ եմ անելու ես վաղը: Եթե հարկ լինի, այդ հարյուր հազարին կասեմ` «Դե, դուք էլ ձեր երկիր գնացեք»: Դա կանեմ: Ինչո՞ւ: Քանի որ նրանք իմ համերկրացիները չեն: Այսինքն ներկայիս մեր այդ անկեղծ մոտեցումների վրա նրանք իրենց այդօրինակ պահվածքով, ցավոք, բացասաբար են ազդում և դա չեն գիտակցում»:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի մեջլիսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ խորհրդակցությանը մասնակցած Դավութօղլուին ընդդիմադիր գործիչներն առաջարկել են արտաքսել Թուրքիայում անօրինականորեն բնակվող ու աշխատող շուրջ 70.000 հայերի:
Արտգործնախարարն ընդդիմացել է այդ առաջարկին` ասելով.
«Նման բան անելը հաղթաթուղթ կլինի այդ հարցում մեր դեմ հանդես եկող երկրների ձեռքին: Բոլոր երկրների լրագրողները կսկսեն նյութեր հրապարակել արտաքսված հայերի մասին, ու ռասիզմի տպավորություն կձևավորի: Թուրքիան առավել դժվարին կացության մեջ կընկնի»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Մեծ Բրիտանիա էր մեկնել նախօրեին` այդ երկրի վարչապետի հրավերով: Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պետնախարար Զաֆեր Չաղլայանը և Թուրքիայի եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը:
Հարակից նորություններ` Թուրքագետ. Թուրքիայում հայ միգրանտների թվի վերաբերյալ թուրքական իշխանությունների հրապարակած տվյալները ուռճացված են
Ա. Զաքարյան. «Էրդողանի հայտարարությունը առնվազն տարօրինակ է»
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ