
Սլովակիայի ԱԳՆ. Հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն առանց նախապայմանների
ԵՄ-ն աջակցում է այն ակտիվ աշխատանքները, որոնք բերեցին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, և ցանկանում է տեսնել դրանց վավերացումը և Հայաստանի խորհրդարանում, և Թուրքիայի մեջլիսում: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:
Նա նշեց, որ արձանագրությունները պետք է վավերացվեն առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այլ հարցերի հետ կապելու և առանց նախապայմանների:
Բացի այդ, նա նշեց, որ Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, ինչը նրան տալիս է որոշակի կարգավիճակ: Բայց մյուս կողմից, այդ գործընթացում առաջընթացի համար Թուրքիան պետք է հստակ կատարի իր ստանձնած պարտավորությունները:
«Գործընթացում առաջընթացը կախված է հենց այն բանից, թե ինչպես այդ երկիրը կկատարի իր պարտավորությունները»,-ասաց սլովակ նախարարը: