Աբրահամը վաղը կմեկնի ԱՄՆ
Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կրկին խոսել է մարտի 27-ին Անդրե Դիրրելի հետ տեղի ունենալիք մենամարտի մասին:
«Ես ոգևորված եմ, որ վերադառնում եմ Ամերիկա: Մենք հիանալի մարզումային գործընթաց ենք անցկացրել: Վայելել եմ Կալիֆոռնիայի արևը, որից հետո նախապատրաստությունը շարունակել ենք Բեռլինում: Ամերիկան հիանալի երկիր է, և ես անհամբերությամբ եմ սպասում իմ վերադարձին: Պլանավորում եմ մեկնել մարտի 20-ին: Մեկ շաբաթ ժամանակ կունենամ, որպեսզի հարմարվեմ և պատրաստվեմ Դիրրելի հետ մարտին:
Անդրեն կարող է հույսեր կապել երկրպագուների հետ, բայց նրանք մրցակցիս չեն կարող օգնել ռինգում: Այնտեղ մենք երկուսով կլինենք: Այն, որ Էդիսոն Միրանդայի հետ մարտը տեղի ունեցավ Ֆլորիդայում, չօգնեց նրան, և ես այդ բռնցքամարտիկին նոկաուտի ենթարկեցի 4-րդ ռաունդում: Դիրրելը շատ արագաշարժ բռնցքամարտիկ է և լավ որակներ ունի: Սակայն իմ մարզիչ Ուլի Վեգների հետ այնպիսի պլան ենք մշակել, որը, վստահ եմ, հաղթանակ կպարգևի ինձ»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է fightnews.com-ը: