Թուրք պատգամավոր. Ժողովրդավարական արժեքների ընկալման ու կենսագործման համար դեռևս բավականաչափ ենթահող չկա Թուրքիայում
Թուրքիայում շարունակվում են քաղաքական, լրատվական ու փորձագիտական շրջանակներից հնչել Էրդողանի` հայերին վտարելու մասին սկանդալային հայտարարությանը հասցեագրված քննադատությունները: Այդ գործից անմասն չի մնացել նաև Թուրքիայի քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) Ստամբուլի պատգամավոր Ուֆուք Ուրասը:
Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի տեղեկացմամբ` նա ընդգծել է, որ Թուրքիայում դեմոկրատական արժեքների ընկալման ու կենսագործման համար դեռևս բավականաչափ ենթահող չկա: Իսկ ապօրինի ներգաղթյալ հայերի հնարավոր արտաքսման մասին Էրդողանի հայտարարությունը, որակել է որպես 21-րդ դարում տեղահանության իմաստ բովանդակող հայտարարություն:
Իր տարածած հաղորդագրության մեջ Ուրասը մասնավորապես նշում է.
«Երբ նման հայտարարություն է արվում Եվրոպայում բնակվող թուրք էմիգրանտների մասին, դա անվանվում է այլատյացություն ու ռասիզմ: Հետևաբար Թուրքիայում գտնվող նույն կարգավիճակի մարդկանց մասին ևս նման խոսքեր հնչեցնելն անընդունելի են: 2010 թվականին չպետք է թույլ տալ տեղահանության մասին խոսել»: