Աբդուլլահ Գյուլը հակադրվել է Էրդողանի հրապարակած 100 հազար հայերի մասին հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Կամերուն կատարած այցերի ավարտին` Թուրքիա վերադառնալիս, ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ: Ի թիվս օրակարգային նշանակության այլ հարցերի` Թուրքիայի նախագահն անդրադարձել է հայկական թեմային:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը:
Աղբյուրի հաղորդմամբ` Գյուլին հղվել է այսպիսի հարց. «Հայկական հարցի համար նորից խոսելո՞ւ եք ԱՄՆ նախագահ Օբամայի հետ»:
Հիշեցնելով, որ մինչև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կքննարկվեր Ցեղասպանության բանաձևը, ինքն այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Բարաք Օբամայի հետ, Գյուլը ասել է.
«Մի անգամ խոսեցինք: Դրանից հետո էլ չեմ խոսի: Շատ հանգամանորեն ենք խոսել, բացատրություններ են տրվել: Նրանք գիտեն: Այս հարցում ինչ որ պիտի ասեինք, ասել ենք, մեր անելիքն արել ենք: Այսուհետև մնացածը նրանց անելիքն է»:
Լրագրողները Աբդուլլահ Գյուլին նաև խնդրել են մեկնաբանել Թուրքիայում անօրինականորեն բնակվող հայերին վտարելու մասին Էրդողանի արած հայտարարությունը` հիշեցնելով, որ Աֆրիկա մեկնելուց առաջ Գյուլն ասել էր, թե այժմ անձայն դիվանագիտության ժամանակշրջան է:
Ի պատասխան Գյուլն ասել է. «Պարոն վարչապետը, ըստ երևույթին, Թուրքիայի կատարած դրական քայլն է ցանկացել ընդգծել: Բացի այդ համոզված չեմ, որ այդ թիվը 100 հազար է կազմում: Այդ մարդիկ Թուրքիայում աշխատում են: Իրենց վաստակով պահում իրենց ընտանքիները: Համոզված եմ, որ դա ասվել է` ցույց տալու, որ Թուրքիայում քինախնդրորեն ու թշնամաբար չեն վերաբերվում նրանց: Մարդասիրական հարցերն անհրաժեշտ է քաղաքական թեմաներից տարանջատել»:
Թուրքիայի նախագահը, նշելով, որ Էրդողանի հայտարարությունները տարբեր ընկալումներ են ունեցել, ասել է.
«Թուրք ժողովրդի մեջ այլատյացություն և ռասիզմ չկա: Մենք ասում ենք. Միացյալ Նահանգներն առանձին, Սփյուռքը առանձին և Հարավային Կովկասն առանձին հարցեր են: Հարկավոր է հետամուտ լինել Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմի գաղափարին: Ստատուս քվոն ոչ մեկի շահերից չի բխում: Այդ պատճառով էլ ասել ենք, որ անձայն աշխատելու անհրաժեշտություն կա: Մինսկի խմբի աշխատանքներն էլ արդեն տեսանելի են»:
Աբդուլլահ Գյուլը ընգծել ու կարևորել է ղարաբաղյան խնդրի լուծման գործում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի դրսևորած ջանասիրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան