Zaman. Լավ, ո՞ւմ է վնաս պատճառում Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորումը
Հին խնդիրներին նոր հայացքներով նայելու անհրաժեշտության մասին պնդող այս երկրի կառավարությունը հայերի հարցում շարունակում է դիմել հին կարծրատիպերին: Էրդողանի գլխավորած կառավարության մասին այսպես է գրում թուրքական «Զաման» (Zaman) թերթը:
Զուգահեռներ են անցկացվում Թուրքիայի վարչապետի նախկին ու ներկա հայտարարությունների միջև: Այսպես` անցած տարի Էրդողանն այսպես էր խոսել.
«Տարիներ շարունակ տարբեր էթնիկ ինքնության կրողներ արտաքսվել են Թուրքիայից: Արդյո°ք մենք շահեցինք դրանից: Առողջ դատողությամբ` ոչ: Դա ըստ էության ֆաշիստական մոտեցման հետևանք էր: Բայց ողջամտությունը ստիպել է գլուխներս առնենք մեր ափերի մեջ ու գիտակցենք սխալը»:
Եվ ահա «Zaman»-ը նկատել է տալիս, որ ժամանակին այդպես արտահայտված, սխալների հետ առերեսվելն այդպես պարզ նկարագրած Էրդողանն այսօր խոսում է Թուրքիայում անլեգալ աշխատող Հայաստանի քաղաքացիներին արտաքսելու հնարավորության մասին: Ընդ որում, «Zaman» թերթը, ի տարբերություն Էրդողանի, նշում է ոչ թե 100 հազար, այլ 5-10 հազար:
«Այս երկրում մնացած և եկած հայերը երկու հանրությունների միջև ձևավորվելիք փոխըմբռնման և երկխոսության համար կամուրջ են ծառայում: Նրանց տեր կանգնելով, պաշտպանության տակ առնելով` ի°նչ կարող ենք կորցնել: Լավ, ո՞ւմ է վնաս պատճառում Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորումը: Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումն այս իմաստով շատ կարևոր քայլ էր: Արձանագրությունների ստորագրումից անմիջապես անց պետք է մեջլիսը վավերացներ դրանք: Բայց դա չարվեց»,- գրում է թուրքական թերթը` հետևյալ պատկերավոր եզրահանգման գալով.
«Հին հարցերը փոշոտված դարակներից հանած և լուծելու ձեռնամուխ եղած թուրքական իշխանությունները այս մի հարցը (հայական) փաստորեն փոշուց մաքրեցին, բայց նորից դրեցին դարակի մեջ»: