Սերժ Սարգսյան. Չենք կարող հակամարտության հետևանքները վերացնել` առանց պատճառների հարցը լուծելու
«Մենք չենք կարող հակամարտության հետևանքները վերացնել, եթե չլուծենք դրա պատճառների հարցը: Ինչ վերաբերում է պատճառներին, մենք, առաջին հերթին, խոսում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին: Երբ այստեղ ձեռքբերում կունենանք, տարածաշրջանային հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ հետագա աշխատանքները հեշտ ու արագ կիրականացվեն»,- «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը միաժամանակ նշել է, որ ենթադրվելիք խաղաղությունը պետք է երկարաժամկետ հեռանկարներ ունենա. «Ակնհայտ է, որ մենք` հայերս, ավելի շատ ենք հետաքրքրված հակամարտության լուծման հարցում, սակայն` երկարաժամկետ կտրվածքով` այնպես, որ տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունն ու անվտանգությունը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղն ուղղակի նվիրենք Ադրբեջանին, ինչը կնշանակի Ղարաբաղի գոյության դադարեցում»:
Պատասխանելով «Եվրանյուզ»-ի թղթակցի այն դիտարկմանը, որ Ադրբեջանը հայտարարել է, թե չի համաձայնի ԼՂՀ անկախությանը, ՀՀ նախագահն ասել է. «Միջազգային հանրությունը մեզ առաջարկում է խնդիրը կարգավորել միջազգային իրավունքների երեք սկզբունքների հիման վրա` ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման: Օգտվելով առիթից՝ ուզում եմ հեռուստաեթերից դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում։ Այդ վստահության պայմաններում էլ կսկսեինք խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները: Մենք՝ հայերս, շատ լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ ադրբեջանցիները կարո՞ղ են ասել, թե ինչպես են նրանք հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան